Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Բակո Սահակյանն իր խոսքում Արցախի անկախ պետականության հռչակումը դասել է երկրի կարևորագույն տոների շարքին, որը հանդիսանում է մեր նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը:
Նախագահը շնորհավորել է բոլորին պետական պարգևներով պարգևատրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ միասնական ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ մենք կհասնենք համազգային նպատակների իրականացմանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: