ԳԱԼԱ-ի լրագրողը այցելել է Տավուշի մարզում գտնվող Բագրատաշենի անցակետ: Չնայած Հայաստանից դուրս եկողները բավականին շատ էին, անցակետի աշխատակիցները, որոնցից ոչ ոք չցանկացավ ներկայանալ, ժխտում են, որ երկրից արտագաղթ կա: Նրանք հավատացնում են, որ մարդիկ մեկնում են հանգստանալու կամ արտագնա աշխատանքի: Մինչդեռ անցակետի հարակից տարածքներում գործող հիմնարկների աշխատակիցները փաստում են, որ Հայաստանից դուրս եկողները բավականին շատ են:

Մինչ անցակետ մտնելը լրագրողը զրուցել է Հայաստանից մեկնել պատրաստվող մարդկանց հետ՝ պարզելու համար, թե որոնք են նրանց՝ երկրից հեռանալու պատճառները, և թե արդյոք նրանք պատրաստվում են վերադառնալ: Պարզվեց՝ Հայաստանը լքողները այստեղից գնում են հիասթափված, օտար հողում պայծառ ապագայի հույսով:

«Գնում ենք, որովհետև այնտեղ մարդկանց լավ են վերաբերվում»,- ասում է Աստղիկ Առաքելյանը:

«Մեր թղթերը ստացվել են, գնում ենք Ռուսաստան: Արդեն 20 տարուց ավելի է՝ ծնողներս այնտեղ են, արդեն մոռացել են Հայաստանը, անգամ ցանկություն չունեն Հայաստան վերադառնալու»: Այստեղ տուն ունեն, բայց նրանց ոչինչ չի ձգում: Մենք էլ կգնանք, բայց մենք կկարոտենք Հայաստանը»,- ասում է երեք երեխաների և ամուսնու հետ Հայաստանը լքող Լիլիթ Սաֆարյանը«Գնում եմ. Սարատով քաղաքում ես աշխատանքի եմ ընդունվել որպես ուսուցիչ: Աշխատանքի ընդունվելու համար ինձնից ոչ ոք ոչինչ չի պահանջել՝ բացի գիտելիքից, իսկ այստեղ… Այստեղ էլ եմ ուսուցիչ, աշխատավարձս էլ Սարատովում առանձնապես չի տարբերվում այժմյան աշխատավարձիցս, մոտ 20 հազար դրամի տարբերություն է, բայց ինձ այնտեղ գրավում է մարդկային վերաբերմունքը: Այնտեղ դու քեզ մարդ ես զգում: Դու գնում ես ինչ-որ հարցով ինչ-որ տեղ, ու քո հարցը լուծվում է, իսկ այստեղ դու անընդհատ խնդրողի կարգավիճակում ես: Ես ոչ ոքի ոչնչի համար չեմ խնդրի, ոչ ոքի կաշառք չեմ տա այնտեղ… միևնույնն է, կկարոտեմ Հայաստանը»,- անկեղծանում է տիկին Լուսինեն, ով ցանկացավ գաղտնի պահել իր ազգանունը:

«Գնում եմ, գնում, պարտքերս մնացին, գնամ, որ փակեմ, ստեղ ճնշում են, նեղում, չեն թողնում շատ աշխատես… Հայաստանը կկարոտեմ, կգամ, կտեսնեմ, էլի կգնամ»,- ասում է Արտակ Հովսեփյանը:

 

 

 Մանրամասներն` այստեղ: