Բրիտանացի պատգամավորները կառավարությունից պահանջել են մեկնաբանել Մեծ Բրիտանիայից Սիրիա մատակարարված մարտական թունավոր նյութերի ստեղծման համար օգտագործվող քիմիկատների փաստը, հաղորդում է Daily Record թերթը: Թերթի տվյալների համաձայն' քիմիկատները, որոնք թույլատրվել է մատակարարել Սիրիա, կարող էին օգտագործված լինել նյարդային կաթված հարուցող գազերի պատրաստման համար, որը ենթադրաբար օգտագործվել է Դամասկոսի մերձակայքում օգոստոսի 21-ին: Բացի այդ, նման նյութերի, ինչպիսիք են կալցիումի ֆտորիդը և նատրիումի ֆտորիդը, արտահանման թույլտվությունը տրվել է Սիրիայում 2011 թվականին զինված բախումների սկսվելուց 10 ամիս անց, ընդգծում է թերթը:
Բրիտանացի խորհրդականները պահանջում են վարչապետ Դեյվիդ Քեմերոնից հաղորդել' կոնկրետ ու՞մ են վաճառվել քիմիկատները, ի՞նչ նպատակներով են դրանք վաճառվել և տեղյակ եղե՞լ է արդյոք Բրիտանիայի կառավարությունը, որ այդ քիմիկատները պոտենցիալ կերպով կարող էին օգտագործվել քիմիական զենք ստեղծելու համար:
Հուլիսի կեսերին Independent թերթը հաղորդեց, որ Բրիտանիան թույլ է տալիս իր ընկերություններին երկակի նշանակության ապրանքներ մատակարարել Սիրիա և Իրան: Բրիտանիայի խորհրդարանի զինամթերքի արտահանման վերահսկողության հանձնաժողովի անդամների անցկացրած հետաքննությունը ցույց է տվել, որ վերջերս Բրիտանիայի կառավարությունը շուրջ 3000 լիազորագրեր է տվել ստրատեգիապես վերահսկվող ապրանքների արտահանման համար, այդ թվում' նաև երկակի նշանակության ապրանքների, այնպիսի երկրներ, որոնց վարչակարգերին թագավորության ԱԳՆ-ն մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Լիազորագրերով պայմանագրերի արժեքը կազմել է 12.3 միլիարդ ֆունտ: