Ընկեր Մարգոն հանձնարարում է շարադրություն գրել «տանձ» բառով: Վարդանիկը գրում է. «Մեր տան լույսն ու ջուրը անջատել են, հագս կոշիկ չկա, ուտելու բան չունենք, մերս բաժանվեց' գնաց, բայց այս ամենը հեչ հորս տանձին չի»...

Հիմա աչքիս սրանց էլ հեչ տանձին չի...
Երկրում, մասնավորապես մայրաքաղաքում, մոլեգնում է հասարակական բողոքի ալիքները, իսկ վարչապետը այցելում է ճամբարներ, կիթառ է նվագում: Մաքսային միության պապան մեր երկրի ականջները ոլորելով պարտադրում է հապճեպ հայտարարություն անել անդամակցության վերաբերյալ այն դեպքում, երբ կառավարության ղեկավարը ժամանակին դեմ էր արտահայտվում՝ բավական հոդաբաշխ հիմնավորումներով, իսկ հիմա ձայն ծպտուն չի հանում: Ազգային ժողովի նախագահը, որին ամենաշատը պետք է հուզեր՝ Հայաստանը ռուսական շապիկ է հագնում, թե եվրոպական՝ ոչ մի հնչյուն, ոչ մի վանկ այդ կապակցությամբ չի արտաբերում: Ոչ մեկի անդամակցության առաջին արմատին չի՝ այս երկիրը պրոբլեմներ ունի, չունի, անդամակցում ենք, անդամակցում են, անդամացնում են: Ամբողջ իշխող վերնախավը իրենց աշխատասենյակները շրջափակել են ոստիկանական շղթաներով և ԱԺ-ի ու կառավարության հաշվին «գուլյատ» են լինում՝ ասես այդ ամենը կատարվում է մի ուրիշ Հայաստանում, մի Հայաստանում, որից իրենք իրենց օֆշորյան հաշիվների պես բեխաբար են... Ասես հաճույք են ստանում տխուր տեսարանից' դիտելով իրենց իրավունքները հրաշալի իմացող, հպարտ երիտասարդների և այս ամենից խեղճացած, հրամանի և մարդկային խղճի միջև ճզմված ոստիկանների փոխադարձ քլնգոցը: Ոչ մի հայտարարություն, ոչ մի ադեկվատ վերաբերմունք, ոչ մի ձայն-ծպտուն: Հայաստանը նրանց համար գրավիչ է որպես մեծ խորտկարան' լավ բնությամբ և տնական արաղով, իսկ մարդը, քաղաքացին, նրանց պետք է միայն արաղ քաշելու և խորոված անելու համար: Մնացածը երկրորդական է: Պատուհանների հետևից հետևելով' փորձում են սանձել քաղաքացիներին' մոռանալով, որ նման հասարակական ակտիվի բացակայության հետևանքով կոտրվում է ժողովրդի ողնաշարը' նրան վերածելով անտեր, ինքն իր գոյությունից զզվող ցեղախմբի: Այս անգամ, կարծես, հասարակության առողջ հատվածի իմունիտետը ավելի բարձր է...
Ամբողջ երկիրը փոթորկվում է՝ կառավարության ղեկավարը կիթառն է քոքում, օրենսդիրինը՝ եվրոպաներում օրումեջ «հաճույքավատ» է լինում: Իսկ այդ ընթացքում նախագահը իր համար երկրի ճակատագիր է որոշում, որովհետև այս մարդիկ, սկզբմունքներից հեռու լինելով, հիմա էլ կհանեն ձախ գրպանի թուղթը և բոլորովին այլ կարծիք կարտանետեն: Թող ժողովուրդը իր համար ակցիա անի, ի՞նչ է եղել, որ...
Իսկ ոմանց համար այս ակցիաները խորը շունչ քաշելու հիանալի առիթ էր, վերջապես կարելի է «պոլնի բաք» լցնել բենթլիները և ամենքից մոռացված, գրեթե օդերում վայելել սանիկական ծագման նյութական բարիքները...
Ամեն...

 

Վարուժան Բաբաջանյան