Թե ինչու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի համար նման վճռորոշ պահին հանդես չի գալիս իր քաղաքական վերլուծություններով և ինչու է լուռ, Tert.am-ը փորձեց պարզել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից: Վերջինս պատասխանեց հետևյալ կերպ. «Իսկ ինչի՞ եք մտածում, որ ինքը հանդես չի գա: Ինքը ի տարբերություն մեր շատ քաղաքական գործիչների, մտածում հետո է խոսում»:

Մեր այն դիտարկմանը, թե կարծիք կա, որ մինչ օրս հարցի շուրջ լռություն պահպանելով Լևոն Տեր-Պետրոսյանը վրեժխնդիր է լինում Սերժ Սարգսյանից անցյալի համար և որ գուցե նրա խորհուրդներին սպասո՞ւմ էր ՀՀ նախագահը, Լևոն Զուրաբյանը նախ հարցրեց, թե այդ երբվանից է լռությունը որպես վրեժխնդրություն ընկալվում, հետո էլ ավելացրեց՝ «ասողին լսող է պետք»:

«Ի՞նչ իմաստ ունի Սերժ Սարգսյանին խորհուրդ տալ: Իսկ Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է լսել Լևոն Տեր-Պետրոսյանի խորհուրդները: Սերժ Սարգսյանը եթե անգամ լսի, նա միևնույնն է, սխալ է կատարելու: Դա երևաց անգամ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ տարվող գործընթացից: Երբ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է զարգացնենք առանց նախապայմանների, դա արժանացել էր մի ահավոր ընդդիմության հայ ազգայնականների կողմից: Ավելին՝ Տեր-Պետրոսյանից հետո անգամ բարձրացվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, և մեր պետությունը դա մտցրեց օրակարգ: Բայց հետո եկավ Սերժ Սարգսյանը եկավ և նորից հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը պետք է գնալ առանց նախապայմանների»,- ասաց նա:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ առաջին հայացքից կարելի էր կարծել, որ Սերժ Սարգսյանն անսաց Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդին: Բայց իր դիտարկմամբ Սերժ Սարգսյանը արեց բոլորովին այլ բան:

«Տեր-Պետրոսյանի մտքով կանցնե՞ր արդյոք անել դա ցեղասպանության ուրացման գնով՝ երբեք: Առաջին նախագահը հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման կողմնակից էր, Սերժ Սարգսյանն էլ դարձավ, բայց վայ այդպիսի դառնալուն»,- ասաց նա:

Մանրամասներն` այստեղ: