Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իշխող կոալիցիայի վերաձևումից, ինչպես նաև նախքան ընտրությունները ՀՅԴ-ի' իշխանությունից հեռանալուց հետո թվում էր, թե հայ ընդդիմադիր դաշտը նոր լիցքեր ստացավ' համալրվելով խորհրդարանական երկրորդ մեծ խմբակցությունն ունեցող կուսակցությամբ և սփյուռքում զգալի ազդեցություն ունեցող դաշնակցական կառույցով: Ճիշտ է, ԲՀԿ-ն իրեն հռչակել է այլընտրանք անորոշ ձևակերպմամբ, սակայն քաղաքագիտության տարրական կանոններին ծանոթությունն իսկ հուշում է, որ այն քաղաքական ուժը, որն իշխանության մեջ չէ' ձգտում է իշխանության գալ, այդ իսկ պատճառով անպայման ընդդիմադիր է գործող իշխանությանը:
Վերջին իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքագիտության տարրական կանոններն անգամ անպաշտպան են' հասարակության լայն շրջանակների նման: Հայաստանում տեղի է ունենում ամբողջ պատմության ընթացքը թելադրող իրադարձություն' երկրի ղեկավարը միանձնյա որոշում է կայացնում' ընդհատել Հայաստանի հետագա կենսագործունեության ուղիների փնտրտուքը և կանգ առնել դրանցից մեկի վրա, որը երկրի սուվերենության համար լրջագույն վտանգներ է պարունակում: Խնդիրն այնքան Մաքսային միության անդամակցության բովանդակության մեջ չէ, որքան գործընթացի ձևի, երբ առանց գոնե ձևականորեն երկրի քաղաքական ուժերի և հասարակական լայն շրջանակների կարծիքը հաշվի առնելու' վիժեցվում է եվրոպական կառույցների հետ տարիներ շարունակ ընթացող բանակցային գործընթացը և կայացվում երկրի նոր կացութաձևի վերաբերյալ որոշում: Իսկ ինչ արեցին այլընտրանքն ու Ստամբուլը արյան ծով դարձնողները: Առաջինը մի քանի լղոզված, կցկտուր մտքեր արտաբերեց' մեզ հետ չեն քննարկել, երբ քննարկեն' կասենք կամ այս տիպի այլ հստակ և ամրակուռ տրամաբանությամբ աչքի ընկնող ձևակերպումներ, իսկ երկրորդները նախընտրեցին Ստամբուլի փոխարեն Բեռլինը դարձնել արյան ծով և հարցի վերաբերյալ պահպանել ձկան համրություն:
Նույնը եղավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների ազատ արձակման դեպքում: Այդպիսի դատաիրավական խայտառակությանը ոչ մի որակում այդ ուժերի մակարդակով չտրվեց: Ասենք ԲՀԿ-ն, որպես անձնակենտրոն ուժ, լռություն պահպանեց' առաջին դեպքում սատարելով խնամի Հովիկին, իսկ երկրորդում տեսականորեն Սուրիկ Խաչատրյանը կարող է լինել նրանց «մեր ախպերը», իսկ ինչու լռեցին ազատության այլընտրանքը մահը համարողները: Միթե դեսպանական մի քանի աթոռները այն գինն էր, որ ստացան լռության դիմաց:
Ավելի քան վստահ եմ, որ նմանատիպ լռության ուխտի պատճառը առավել խորքային բացատրություն ունի: Այս երկու ուժերն էլ շարունակում են ստվերային դերակատարություն ունենալ կոալիցիայում: Կամ էլ, իրենց լուռ գոյությամբ, պատրաստակամություն են հայտնել կրկին դառնալու կոալիցիոն կառավարության մաս:
Դե, իմ կարծիքով, ժամանակն է, որ ՀՀԿ-ն նրանց տուն տանի: Այսքան ժամանակ կլուբներում իրար սիրելուց հետո հարաբերությունները օրինականացնելու ժամանակն է...
Կարմիր խնձորի չսպասեք...
Վարուժան Բաբաջանյան