MediaMall.am-ը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ գրողների տարբեր խմբեր սկսել են պայքարը՝ Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնին այս կամ այն անձի ընտրությունն ապահովելու համար: Արդեն շրջանառվում են միության նախագահի անուններ՝ Էդուարդ Միլիտոնյան, Զորի Բալայան, Ռազմիկ Դավոյան, Հրաչյա Սարուխան և այլն: Զրուցեցինք բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Սարուխանի հետ, որը ծնունդով Համզաչիման (այժմ' Մարգահովիտ) գյուղից է, այժմ բնակվում է Վանաձորում:
Համացանցում ակտիվորեն շրջանառվում է տեղեկություններ այն մասին, որ դուք պատրաստվում եք Ձեր թեկնածությունն առաջադրել Գրողների միության նախագահի պաշտոնում, անգամ երիտասարդ գրողների մի խումբ հաղորդագրություն է տարածել, որտեղ Դուք ներկայացվում եք որպես ամենաանցողիկ թեկնածուներից մեկը: Դուք տեղյա՞կ եք այդ խոսակցություններին:
Այո, կողքից տեղյակ եմ, ինքս համացանցից չեմ օգտվում, մի քանի օր առաջ հպանցիկ տեղեկացա այդ մասին:
Այսինքն, Դուք նախաձեռնության մասին տեղեկացված չեք եղել:
Ոչ:
Ի՞նչ եք կարծում, դա հենց երիտասարդ գրողների՞ ցանկությունն է՝ Ձեզ տեսնել միության նախագահի պաշտոնում:
Ճիշտն ասած ես չեմ կարող ասել, որովհետև այդ թեմայով հասկանալի պատճառներով դեռ շփումներ չենք ունեցել, հետո կերևա:
Իսկ անձամբ Ձեր մոտ առաջադրվելու մտադրություն կա՞:
Ճիշտն ասած այդ ուղղությամբ հատուկ չեմ մտածել, նախկինում մեկ անգամ առաջադրվել եմ և ինքնաբացարկ եմ ներկայացրել, հիմա չեմ կարող ոչ դրական, ոչ բացասական պատասխան տալ:
Որպես գրողների ընտանիքի անդամ և որպես հավանական թեկնածու՝ ու՞մ եք տեսնում Ձեր հնարավոր մրցակիցների թվում:
Իմ կարծիքով՝ Էդուարդ Միլիտոնյանը կառաջադրվի, մյուսների պահով կդժվարանամ որևէ բան ասեմ, բայց բանաստեղծ Միլիտոնյանի առաջադրումը հնարավոր եմ համարում:
Խոսակցություններ կան նաև Զորի Բալայանի և Ռազմիկ Դավոյանի՝ հնարավոր առաջադրման հետ կապված: Դուք այդ մասին տեղեկատվություն ունե՞ք:
Տեղյակ չեմ, մի անգամ Ռազմիկը փորձեց, բայց չեմ կարծում, որ նրանց տարիքը համապատասխանում է հիմա, նույնիսկ ես մտածում եմ, որ իմ տարիքն էլ այնքան հաջող չէ:
Արձակագիր Սամվել Բեգլարյանը մեզ հետ զրույցում բարձր գնահատելով Ձեր մարդկային և ստեղծագործական որակները՝ կարծիք է հայտնել, որ դուք մեղմ ու փափուկ բնավորություն ունեք և ՀԳՄ նախագահ ընտրվելու դեպքում կարող եք կրկնել Հրանտ Մաթևոսյանի օրինակը, որը լինելով հրաշալի անձնավորություն և տաղանդավոր գրող՝ չկարողացավ ղեկավարել միությունը:
Սամվել Բեգլարյանին շատ լավ ճանաչում եմ, իմ վաղեմի ընկերներից է: Իհարկե, ամեն մարդ իր կարծիքն ունի: Եթե որոշեմ առաջադրվել և ընտրվեմ՝ այն ժամանակ կերևա: Ոչ մեկը հարյուր տոկոսանոց կարծիք չունի: Ես ինքս ինձ դեռևս ամբողջությամբ չեմ ճանաչում, կողքից դժվար թե ճանաչեն:
Վարուժան Բաբաջանյան