lragir.am Երկու փաստաթուղթ չկա, Ասոցացման համաձայնագիրն ու Խորը եւ Համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիրը մեկ փաստաթուղթ է, որը ներառում է Ազատ առեւտրի գոտու ստեղծում եւ դրանք հնարավոր չէ տարանջատել: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ընդլայնման եւ հարեւանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով Հայաստանում հանդիպում է երկրի ղեկավարությանը:
Ֆյուլեն այդ հայտարարությունը երեւի արել է հատուկ Հովիկ Աբրահամյանի համար, որը նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր. «Մենք խոսել ենք Ասոցացման համաձայնագրի մասին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին այլ հասկացություն է: Մենք ասում ենք, որ Մաքսային միությունը չի հակասում Ասոցացման համաձայնագրին և ևս մեկ անգամ ուզում եմ պնդել»:
Փաստորեն, Հայաստանն արդեն 3 ու կես տարի է Ասոցացման գործընթացի մեջ է Եվրոպայի հետ, եւ այդքան ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահն է, մի քանի անգամ գնացել-եկել է Եվրոպա, սակայն բացարձակապես գաղափար չունի, թե ինչ է իրենից ներկայացնում Ասոցացման գործընթացը եւ ինչ կապ ունեն իրար հետ դա եւ Ազատ առեւտրի ռեժիմը:
Իսկ այդ անտեղյակության պատճառը հավանաբար այն է, որ Հովիկ Աբրահամյանը Եվրոպայում զբաղվում էր Հայաստանից տարած կոնյակները բաժանելով, ինչի մասին նրա եվրոպական այցերից մեկի ընթացքում հայտնի էր դարձել հայկական մամուլին:
Սակայն ոչ մի կասկած չկա, որ Շտեֆան Ֆյուլեի պարզ հայտարարությունից հետո էլ Հայաստանի իշխանությունը, մասնավորապես Հովիկ Աբրահամյանը կհայտարարեն, որ միեւնույն է, ասոցացումն ու Ազատ առեւտուրը տարբեր բաներ են: Սա Հայաստանի իշխանության կենսափիլիսոփայությունից բխող դրսեւորում է: Այդ կենսափիլիսոփայության համաձայն, ամեն ինչ էլ այս աշխարհում հնարավոր է՝ միայն փողին կամ կոնյակին մուննաթ:
Եվ հենց դրա համար էլ Հայաստանի իշխանությունը ընտրեց Մաքսային, ոչ թե Եվրոպական միությունը: Մաքսային արժեքը, ինչպես հայտնի է, փողն է եւ ապրանքը: Եթե մի տեղ հնարավոր է հարցերը լուծել փողով եւ ապրանքով, ինչու՞ գնալ մեկ այլ տեղ, որտեղ ստիպված ես ենթարկվել բարոյական սահմանափակումների:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ