Aravot.am Սեպտեմբերի 15-ին կլրանա Հրանտ Դինքի 59-ամյակը «Այս տարի սեպտեմբերի 15-ին, կլրանա «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի 59- ամյակը»,-այսօր այս մասին «Արմատ» ակումբում հայտնեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը' նշելով, որ այդ կապակցությամբ կենտրոնում կիրականացվի միջոցառում, ինչպես նաեւ կցուցադրվի Հրանտ Դինքի մասին ֆիլմ:
Վերջինս խոսելով' Հրանտ Դինքի եւ նրա ծավալած գործունեության մասին, նշեց, որ Հրանտ Դինք երեւույթը պետք է դիտել ոչ թե միայն մտավորականի, մեկ լրագրողի եւ հայի շրջանակներում, այլեւ հայկական հարցի լուծման շրջանակում: Բանախոսը ներկայացնելով Ստամբուլում Հրանտ Դինքի հետ ունեցած հանդիպումներն, ասաց, որ վերջինս տեղի հայկական համայնքի առաջնորդն էր՝ գաղափարական առումով: Ըստ նրա' «Ակոսը» լինելով թուրքալեզու շաբաթաթերթ, հաջողել էր թերթի չորս էջը հայերենով հրատարակել, որը մեծ առաջընթաց էր Թուրքիայում. «Հրանտ Դինքը համախոհներ ուներ, բայց դրանք միայն Ստամբուլի մտավորականներն էին, իսկ նրանք խորապես չգիտեն հայոց հարցը: Մի առիթով իրեն ասացի, որ Հրանտ, սիրելի եղբայր, չէ որ սա միայն Ստամբուլն է:
Եթե պետք լինի Թուրքիան զորք կմտցնի Ստամբուլ: Հրանտը սկսեց մտորել եւ հասկացա, որ սկսեց մտահոգվել եւ չէր մտածել այդ մասին»,- պատմեց Ալվրցյանը' հավելելով, որ Դինքի հետ մոտ ընկերներ չեն եղել, սակայն հոգով եղել են գաղափարական ընկերներ: «Առաջին անգամ նրա հետ հանդիպեցի մահվանից 20-25 օր առաջ' Թեհրանում, երբ ինձ հրավիրեցին բանավեճի, որի ժամանակ անդրադարձանք Հայոց ցեղասպանությանը: Նա համոզված էր, թե իր բռնած ճանապարհն ինչ-որ արդյունք է տալու, սակայն հետագայում հասկացավ, որ Թուրքիան ժողովրդավար պետություն երբեք չի եղել ու չի էլ դառնա, իսկ Հայկական հարցի լուծումը կարելի է գտնել միայն ժողովրդավար Թուրքիայում:
Նա սկսեց պայքարել հենց այդ ճանապարհով»,- մանրամասնեց բանախոսը նշելով, որ այդ ընթացքում Դինքն իրեն հրավիրել է Ստամբուլ, եւ ծանոթացրել թուրք ընկերների հետ: «Դեկտեմբերի սկզբներին գնացի Ստամբուլ: Հայ մտավորականների հետ հանդիպումներ ունեցանք, գիտաժողովներ կազմակերպվեցին: Մշակվեցին նոր ծրագրեր, նոր գաղափարներ: Դժբախտաբար իմ վերադարձից 20 օր հետո լսեցի, որ սպանել են նրան»,- հիշեց Հ. Ալվրցյանը հավելելով, որ Թուրքիայում այսօր էլ Դինքն ունի շատ գաղափարակիցներ, ովքեր շարունակում են իր գործը: «Նա ենթագիտակցորեն շատ լավ գիտակցում էր, որ շատ դժվար է լինելու, բայց միշտ ասում էր. քանի պահը կա պետք է օգտվել առիթից:
Թուրքերը հասկացան, թե ինչ վտանգ է ներկայացնում եւ որոշեցին նրան վերացնել: Սա մի դաս էր, որ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան: Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են սպանության պատվիրատուները»,- ընդգծեց նա: Նրա մեկնաբանությամբ՝ Հրանտ Դինքին, անշուշտ, սպանել են պետական կառույցի հրամանով, սակայն ինքը չի կարող ասել, թե ինչու են հիմա այդ նույն իշխանությունները ուզում գործը նորից վերաբացել եւ քննություն անցկացնել: Բանախոսն անդրադառնալով' Թուրքիայում տիրող ներքին ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ Թուրքիայում բողոքի շարժման համար բնապահպանությունը միայն պատրվակ էր, դրա հիմքը իշխանությունների քաղաքականությանը քաղաքացիական դիմակայությունն է:
«Թուրքիայի բնակչության հոգեբանական վիճակը սարսափելի էր, երկրի կենտրոնական քաղաքներում վախի մթնոլորտ էր: Տասնյակ անգամներ ավելի վատ էր ազգային փոքրամասնությունների վիճակը»,- ասաց հայկազուն Ալվրցյանը՝ հավելելով, թե պայթյունը վախի մթնոլորտից դուրս բերեց ոչ միայն թուրքական հասարակությանը, այլեւ ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին:
Հեղինակ` Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ