Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ հայտարարել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արշակ Սահյանը իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք և կաշառքի ակնարկ է արել: Ըստ ռեժիսորի՝ իրեն տուգանել են հետիոտնին չզիջելու համար՝ պնդելով, որ այդ պահին իր առջևից ընթացող առավել ցածր դասի մեքենաները անտեսվել են, և տեսուչը մեղադրանք է առաջադրել միայն իրեն, քանի որ ինքը վարում է «Կաբրիոլետ BMW» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա:

 

Հարցի շուրջ պարզաբանումներ ստանացանք ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանից, ով նշեց, որ հրավիրել է տեսուչին' բացատրություններ տալու, ամեն ինչ պարզված է, և եթե Սուրեն Թադևոսյանը դժգոհություններ ունի վարչական իրավախախտումը արձանագրելու հետ կապված, ապա ցանկացած պահի կարող է դիմել ՃՈ ղեկավարությանը, ստանալ իր խախտման տեսագրությունը, և եթե նա դժգոհություններ ունենա, կարող է օրենքով սահմանված կարգով վիճարկել տեսուչի որոշումը: Ինչ վերաբերում է ՃՈ աշխատակցի մասին նրա հնչեցրած մեղադրանքներին, Արշակյանը դա համարել է ոչ կոռեկտ և ոչ իրավաչափ:

 

Հարցի շուրջ MediaMall.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև հայտնի ռեժիսորից, ով նշեց, որ իր գրառման հասարակական ուղերձը սխալ է ընկալվել, ինքը ընդգծել է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար և անկախ ավտոմեքենաների արժեքից' բոլորը պետք է պատասխան տան իրենց կատարած իրավախախտումների համար: «Ինչ վերաբերվում է կաշառքի ակնարկին' տեսուչի կողմից հնչեցված «բա ինչ ենք անում, բա ոնց ենք անում» ֆրազան ուրիշ ինչ կերպ հասկանաս, ինչ պետք է անենք, հո միասին չենք պարելու, ոչ մեկը ուղղակիորեն չի ասում' ինձ փող տուր, այլ որոշակի ակնարկներ է անում, ես դա այլ կերպ չեմ հասկանում: Ես ասացի' իհա’րկե գրեք: Այն խնդիրը, որ ես եմ տեսնում, իրականում դրա մեջ է»,- ասաց Թադևոսյանը: Ինչ վերաբերվում է Արսեն Արշակյանի կողմից հնչեցված հայտարարություններին' Սուրեն Թադևոսյանը նշեց, որ Արշակյանն այն մարդկանցից է, որոնց ինքը շատ հարգում և վստահում է: «Ճիշտն ասած` ես ցանկանում էի զանգահարել իրեն, բայց նրա այն հեռախոսահամարը, որ ես ունեմ, անջատված է: Ես ցանկանում եմ հանդիպել և ստանալ տեսագրությունը: Տեսագրությունը անպայման իմ կողմից հրապարակվելու է: Խնդիրը պարոն Արշակյանի հայտարարությունների մեջ չէ, այլ ոստիկանապետի խորհրդատու ներկայացած Նարեկ Մալյանի գրառման, որտեղ իրեն թույլ է տալիս գնահատականներ տալ իմ ռեժիսորական գործունեությանը' ինձ անվանելով անտաղանդ ռեժիսոր: Նախ, ով է ինքը' որ իմ աշխատանքներին գնահատականներ է տալիս: Նարեկ Մալյանը պատասխան է տալու իր այն գրառման համար, իբր ես մեքենան քշել եմ հետիոտնի վրա: Այդ տեսագրությունը ես հենց դրա համար եմ վերցնելու, որովհետև եթե ես խախտում եմ արել' շատ լավ, ընդունում եմ, սակայն ես որևէ մեկի վրա մեքենան չեմ քշել և նա իր այդ խոսքերի համար պետք է պատասխան տա: Իրականում սկսել են կախվել իմ բառերից' անտեսելով այն հիմնական միտքը, որ ես փորձել եմ մատուցել»,- ամփոփեց ռեժիսորը:

 

Վարուժան Բաբաջանյան