Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հետ կապված «Հայկական ժամանակ» օրաթերթի վերջին հրապարակումը սոցիալական ցանցերում որոշակի քննարկումներ է հարուցել եւ ոմանք առիթը օգտագործեցին իմ ուղղությամբ քարեր նետելու համար:

Նրանց մի մասը սա անում է, որովհետեւ էդ գործի վրա գրել-կարդալ է սովորում, մի ուրիշ մասն էլ, ցավալիորեն, հայտնվել է «я не читатель, я писатель» վիճակում, եւ որպես անհետաձգելի հրատապություն բարձրաձայնում է հարցադրումներ, որոնց դեռ ամիսներ առաջ պատասխանել եմ մանրամասն, իրենց լեզվով ասած՝ լավաշ հոդվածներով: Որեւէ մեկն, իհարկե, պարտավոր չէ կարդալ իմ գրած հոդվածները, բայց կներեք մենք էլ հո գերի չե՞նք, որ ափալ թափալ նստեն մեր «տաքսին» ու ասեն՝ քշի Թուրքիա:

Բայց այնուամենայնիվ, քանի որ քարերը նետված են, դրանք պետք է հավաքել, ու ինչ-որ պիտի ասեմ, պիտի ասեմ որպես «Հայկական ժամանակի» ընթերցող, նույնպիսի ընթերցող, ինչպիսիք են հազարավոր ուրիշները: Հրապարակման վերաբերյալ ի՜նչ որակում ու մեկնաբանություն ասես չտրվեց՝ էլ ստորություն, էլ անլրջություն, էլ խարդավանք, էլ անբարոյականություն:

Ապշեցուցիչն այն էր, սակայն, որ բազմաթիվ վերլուծաբան-մեկնաբանողներից որեւէ մեկի, որեւէ մեկի մտքով չանցավ. իսկ կարո՞ղ է «ՀԺ»-ն առաջնորդվել է պարզ, մարդկային մտահոգությամբ, որ անհանգստացած է իսկապես, վախենում է իսկապես քաղբանտարկյալի համար, եւ որոշել է հանրային ավելի մեծ ուշադրություն սեւեռել նրա վրա (այս խնդիրն, ի դեպ, արդեն փայլուն կերպով լուծված է): Եւ իմիջիայլոց, եթե մյուսները նպատակ ունեն այս համատեքստում «ճիշտ դուրս գալ», «ՀԺ»-ի նպատակը սխալվելն է, սխալ դուրս գալը, եւ երբ այդպես է՝ խնդիրը լուծված է ուրեմն:

Վերլուծողների մտքով սա չանցավ երկու պատճառով. նրանից մի մասը Տիգրան Առաքելյանով մտահոգվելու մոնոպոլ լիցենզիա հանած խմբակից են եւ առանց իրենց հետ ճշտվելու մտահոգվելը սերժիկական խաղ են համարում, մյուս մասն էլ՝ էս երկու օրը հայտնվել էր հարսանքային շալախոյի աղմուկի մեջ գտնվողի կարգավիճակում. հակառակ բան ասելն ու հակառակի մասին մտածելն իմաստ էլ չունի:

Առաջին խմբի ներկայացուցիչ մի փոքրիկ տեղափոխական էլ վարկած էր առաջ քաշել, թե ահա Տիգրանի սպանությունն է նախապատրաստվում, եւ «ՀԺ»-ն դավադրության մաս է: Սա երեւի ուրիշներին շփոթել է իր կուսակցական ղեկավարների հետ, որ իրար մեջ խոսելիս ուրիշ բան են ասում, հրապարակային՝ ուրիշ: Ընդդիմադիրների հետ խոսելիս ուրիշ բան են ասում, իշխանականների հետ խոսելիս՝ ուրիշ: Դա է քաղաքանության զբաղվելու նրանց կերպը: Նրանք քաղաքականությամբ զբաղվելու լավագույն հատկությունը համարում են ունեցած երեսների քանակը, որ մարդու աչքերի մեջ նայելով ուրիշ բան ասես, ետեւից ուրիշ:

Ոմանք էլ կռիվ են տալիս, թե քաղաքացիական ակտիվիստ Տիգրանին թուլամորթ է սարքում «ՀԺ»-ն: Այս եւ մի քանի այլ հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ ոմանց համար Տիգրանը ոչ թե մարդ է, այլ քաղաքական պայքարի գործիք: Բայց անկախ սրանից՝ ես օրինակ, «ՀԺ»-ի հրապարակումից հասկացել եմ, որ քաղաքացիական պայքարի բովում Տիգանը պատրաստ է գնալ ցանկացած զոհողության, (Տիգրան ջան, կներես համեմատության համար) շահիդի նման: Որեւէ մեկը տեսե՞լ է, որ շահիդին թուլամորթ անվանեն: «ՀԺ»-ի հրապարակումը ընկալել եմ որպես հենց այսպիսի ահազանգ եւ որպես Տիգրանին ուղղված սպառնալիք՝ մնալ պայքարի հին-ստանդարտ շրջանակներում, չանել ավելին, դրա անհրաժեշտությունը չկա: Եւ նպատակը տվյալ դեպքում ոչ թե ճիշտ դուրս գալն է, այլ սխալվելը: Եթե սխալվել է թերթը, դա հենց այն է, ինչ իրեն պետք էր. սա հասկանալու համար մեծ խելք է պետք փաստորեն:

Մի ուրիշ ցնցող փաստարկ էլ կար. բայց չէ՞ որ Տիգրանի հարազատներն էլ են կարդում այդ ամենը: Իսկ գուցե Տիգրանի հարազատներից թաքցնե՞նք որ նա բանտում է: Ոմանք էնքան են հոտառությունը կորցրել, էնքան լրջորեն են հավատացել Տիգրանի համար մտահոգվածների իրենց լիցենզիայի մոնոպոլ լինելուն, որ մտածում են, որ իրենք Տիգրանի հարազատներից ավելի լավ գիտեն Տիգրանի վիճակը, եւ որ Տիգրանի հարազատներն էլ են իրենց նման մամուլից իմանում, թե որտեղ է Տիգրանը, ինչ է անում, եւ ինչ վիճակում է:

Հիմա էլի՝ իմ ու «ՀԺ»-ի հարաբերությունների մասին: Ում դեռեւս հետաքրքրում է էս հարցը, թող կարդա «Անպատասխան հարցերի եւ ապագայի մասին» հոդվածը http://www.nikolpashinyan.com/?p=2410 : Եթե զահլա չունեն կարդան, ուրեմն թող իրենց չկարդացածի նման պահեն:

Հ.Գ. Ոմանք գրառումներում չեն էլ թաքցնում, որ վախեցած են, որ Տիգրանին ազատ կարձակեն ու կպարզվի, դա իրենց շնորհիվ չի: Թող Տիգրանին ազատ արձակեն, ու դա թող լինի բացառապես, միայն ու միայն, սուգուբը ձեր շնորհիվ, բարեկամներ: Մենք էլ չուզողը լինենք, ամենամեծ չուզողը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ