Pastinfo.am Բացահայտվել են կեղծ թղթադրամի իրացման դեպքեր Երեւանում: Ընդ որում, կեղծ թղթադրամները Երեւան են հասել Վանաձորից' կալանավորի զանգով, իսկ իրացնողները փաստացի ամուսիններ Էդգար Ղեւոնդյանն ու Կարինե Անդրեասյանն են: Ամբաստանյալ Էդ.Ղևոնդյանն աշխատել է որպես հացթուխ, իսկ եղբայրը՝ Արմեն Ղևոնդյանը, 2011 թվականի մարտի 5-ից գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2 մասի 1–ին և 5–րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար:

 

2013թվականի ապրիլ ամսի սկզբին ամբաստանյալ Էդգար Ղևոնդյանը զանգահարել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում գտնվող եղբորը և խնդրել հայտնել վերջինիս խցակից, քրեական գործով վկա Գագիկ Մելքոնյանին' վերադարձնել 20.000 ՀՀ դրամ պարտքը: 2013թվականի ապրիլի 22–ին, քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ.Մելքոնյանը զանգահարել է Ստեփանավան քաղաքում բնակվող իր սիրուհուն` Արփինեին, և խնդրել Երևան ուղարկել 105.000 ՀՀ դրամ գումար' հետագայում այն վերադարձնելու պայմանով:

 

Վերջինս 2013թվականի ապրիլի 23–ին Ստեփանավան քաղաքից պատահական երթուղային տաքսիով Երևան է ուղարկել սպիտակ ծրարի մեջ դրված և թափանցիկ կպչուն ժապավենով փաթաթված 105.000 ՀՀ դրամ կանխիկ գումար' բաղկացած ամբողջությամբ 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամներից: Մինչ ծրարված գումարը տաքսու վարորդին հանձնելը, Արփինեն զանգահարել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և Գ.Մելքոնյանին հայտնել երթուղային տաքսու համարանիշներն ու վարորդի բջջային հեռախոսահամարը: Գ.Մելքոնյանն էլ իր հերթին զանգահարել է իր ծանոթ վարորդ Սերգեյին եւ, հայտնելով, որ Ստեփանավան քաղաքից իրեն են փոխանցել ծրար, խնդրել է այն վերցնել եւ փոխանցել էդգար Ղևոնդյանին' տալով վերջինիս բջջային հեռախոսահամարը:

 

Նույն օրը ժամը 16–ի սահմաններում, Ս.Կարապետյանը, վերցնելով թղթադրամներով ծրարը, զանգահարել է էդ.Ղևոնդյանին և պայմանավորված վայրում նրան տվել ծրարված դրամները: Նախաքննության տվյալներով, աշխատանքից վերադառնալով տուն, առանց փաթեթը բացելու էդ.Ղեւոնդյանը ծրարված գումարը դրել է իր ննջասենյակի զգեստապահարանում: Դրանից երկու օր անց՝ 2013թվականի ապրիլի 25–ին, ամբաստանյալ էդ.Ղևոնդյանը պատրաստվել է գնալ Երևանի էրեբունի – Մասիվ կոչվող թաղամաս' նոր աշխատանք փնտրելու: Քանի որ իր մոտ գումար չի ունեցել, ամբաստանյալ Էդ.Ղևոնդյանը իրեն փոխանցված ծրարից հանել է 2 հատ 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, դրանցից մեկն իրացրել է թիվ. 50 համարի երթուղային տաքսու մեջ' տալով վարորդին 1 հատ 1.000 ՀՀ դրամանոց թղթադրամ և մանր ստանալով 900 ՀՀ դրամ, իսկ մյուս թղթադրամը գործով չպարզված հանգամանքներում կորցրել է:

 

Գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ վկա Գ.Մելքոնյանի կողմից ամբաստանյալ էդ.Ղևոնդյանին ուղարկված 105.000 դրամ գումարից 30.000 ՀՀ դրամը կազմել է վերջինից և Արմեն Ղևոնդյանից վերցված ընդհանուր պարտքը, 20.000 ՀՀ դրամով էդ.Ղևոնդյանը պարտավորվել է առևտուր անել և ուղարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, եղբոր' Ա.Ղևոնդյանի ծննդյան օրը նշելու համար, իսկ 55.000 ՀՀ դրամը, Գ.Մելքոնյանի հայտնած տվյալներով, պետք է փոխանցեր այլ անձանց: Բայց փոխանցել չի հասցնում, քանի որ պարզվում է, որ դրանք կեղծ են: 2013թվականի ապրլիլի 26–ին' ժամը 12–ի սահմաններում, ամբաստանյալ էդ.Ղևոնդյանն իր ընտանիքի անդամների հետ գնացել է էրեբունու անձնագրային բաժանմունք: Մինչ տանից դուրս գալը' Ղևոնդյանը ծրարից հանել է ուղարկված գումարը, որոնք ամբողջությամբ 1.000 ՀՀ դրամ արժեքով թղթադրամներ են եղել, որոնցից 54 հատը պահել է իր մոտ, իսկ մնացածը' 49 հատը տվել փաստացի կնոջը' Կարինե Անդրեասյանին' եղբոր համար առևտուր անելու նպատակով: Եւ հենց այդ ժամանակ էլ Ղևոնդյանը նկատել է, որ դրամների թղթի որակն այն չէ, պատկերները փոքր ինչ աղավաղված են, իսկ չափսերը չեն համապատասախանել իրական 1.000 դրամանոց թղթադրամների հետ:

 

Թղթադրամների կեղծ լինելու մասին ամբաստանյալ էդ.Ղևոնդյանը հայտնել է կնոջը, ապա որոշել առանց այդ մասին եղբորը հայտնելու իրացնել դրանք: Ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքից դուրս գալուց հետո, մինչ «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարան հասնելը, Ղևոնդյանին է զանգահարել մյուս եղբայրը' Արթուր Ղևոնդյանը, ով նույնպես հացթուխ է աշխատում և հայտնել, որ իրենց հացի արտադրամասի տնօրենը նրան հրավիրել է հանդիպման' հորդորելով շտապել: Հեռախոսազրույցից հետո էդգար Ղևոնդյանը առաջ է անցել ընտանիքի անդամներից եւ, առաջինը հասնելով Երևանի Սասունցի Դավիթ 10 հասցեում գտնվող մթերային խանութ, կեղծ 1000 թղթադրամով գնել 1 հատ «Վիպ» տեսակի ծխախոտ եւ, ստանալով մանր' 700 ՀՀ դրամի չափով, շտապել հանդիպման: Մի քանի րոպե անց նույն խանութ է մտել նաև վերջինիս կինը' Կարինե Անդրեասյանը և ցանկացել կեղծ թղթադրամով գնել 1 հատ «Սնիկերս», 1 հատ «Բաունտի», 2 հատ 500 ՀՀ դրամանոց և 2 հատ 1.000 ՀՀ դրամանոց բջջային հեռախոսի վերալիցքավորման քարտեր, սակայն խանութի աշխատակիցը, որը մինչ այդ արդեն իսկ նկատել էր Ղևոնդյանի կողմից տրված 1.000 ՀՀ դրամանոցի կեղծ լինելը, իր մարմնով փակել է խանութի մուտքի դուռն ու ահազանգել ոստիկանություն: Նույն պահին, ամբաստանյալ Կ.Անդրեասյանը իր հերթին զանգահարել է ամուսնուն, որն այդ պահին գտնվել է Երևանի «Հանդիպում» կոչվող կամրջի մոտ և հայտնել կատարվածի մասին:

 

Իր մոտ գտնվող 53 հատ կեղծ 1.000 ՀՀ դրամանոցները թաքցնելով կամրջի տակ' Ղեւոնդյանը կամովին ներկայացել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: Ամուսիններին' Էդգար Ղևոնդյանին և Կարինե Անդրեասյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34–178 հոդվածի 2 մասի 1–ին կետով' խարդախության փորձի համար: Երկուսն էլ ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը բավարարվել է: Դատարանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել ու դատապարտել երկու տարվա ազատազրկման, սակայն ի տարբերություն ամուսնու' Էդգար Ղեւոնդյանի, ով պետք է պատիժը կրի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, Կարինե Անդրեասյանն ազատվել է պատժի կրումից' հաշվի առնելով նրա 8 ամսական հղի լինելը: Դատավճռով Անդրեասյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան: