Aravot.am  Ղազախստանում երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆրանսահայ 89-ամյա երգիչ Շառլ Ազնավուրը խնդրել է, որ իր հետ չխոսեն քաղաքականությունից, հայտնում է Today.kz լրատվականը: Ազնավուրը, որը նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ասել է, որ գործի բերումով հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ:

 

Դրանից մեկ օր առաջ Ալմաթայում Ազնավուրին պարգև է շնորհվել «Համաշխարհային երաժշտության մեջ ներդրում անելու համար»: «Հաճելի էր այդ շնորհին արժանանալը: Ես սիրում եմ ցանկացած պարգևատրումներ ու այն քաղքենիներից չեմ, որոնք կարող են իրենց թույլ տալ հրաժարվել պարգևներից», – ասել է նա:

 

Շառլ Ազնավուրն առաջին անգամ է այցելել Ղազախստան, սակայն նախկինում եղել է հարևան Ուզբեկստանում: