Lragir.am Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը
Արմինե, քաղաքացիական թեժ ամռանը, որտեղ գրանցվեց հաջողություն, հաջորդեց այսպես ասած ոչ շատ արդյունավետ շրջան: Հնարավո՞ր է՝ քաղաքացիական շարժումները մի փոքր թայմ աութի շրջան պետք է վերցնեն, հստակեցնեն անելիքները, որպեսզի չջլատվեն:
Ամառն իսկապես թե թեժ էր, թե հաղթական, թե ոգևորիչ: Ընդհանրապես, պայքարը և պայքարողները նման հասարակությունում, ինչպիսին ունենք, արդեն իսկ ապագայի թե հիմքն են, թե հույսը, առողջ բանականությունը, սերուցքը: Մենք մեռած կառավարությամբ մեռած հասարակություն ենք՝ առանց քաղաքացիական այդ ակտիվիզմի գոյության և գաղափարի: Մի քանի տարի է՝ ինչ սկսվել է ակտիվը՝ կոնկրետ վայրում, կոնկրետ մարդկանց ընդվզումը, ըմբոստանալը, չենթարկվելը և սեփական խոսքը տեղ հասցնելու ավանդույթը: Եթե առաջ փոքր հասարակության մեջ բազմազան սև խոռոչներն ընդգծելը և ավելի լայնացնելը միայն ընդդիմադիր մամուլն էր իրականացնում, հիմա այդ գործառույթը քաղաքական ակտիվինն է' գործողության մակարդակով:
Առավել կազմակերպված ժամանակ ակտիվը ունեցել է հաղթանակներ, կոնկրետ հաղթանակներ, ավելի տարերային վիճակում քաղաքացիական ակտիվի պայքարը նման է բողոքի, ահազանգի, անվստահության հայտնման, ըմբոստության, ընդվզման: Թուլանում է կամ պակաս արդյունավետ է տարբեր պատճառներով. թերևս զսպանակը մշտապես բաց պահել հնարավոր չէ: Հասարակությանը ցնցած իրադարձությունների ժամանակ բավական բարձր ինքնակազմակերպվել են քաղաքական ակտիվիստները, սակայն նրանք պայքարում են նաև ավելի նեղ հարցերի համար, որի դեպքում մեծ մոբիլիզացիա չի նկատվում, կամ մշտապես անհնար է:
Ինչպես ցանկացած երևույթ իր տեսակի մեջ զարգանալու և հասունանալու միտում ունի, թերևս քաղաքացիական ակտիվն էլ մի օր պետք է այլ որակ և այլ գործողության ծրագիր և նպատակ դնի, քան երեկ էր:
Կան կարծիքներ, որ սա ամեն մեկի պայքարն է, ամեն մեկի մեջ ընդվզումը, այն քաղաքացու, ով հավատում է, որ իր վարքից, իր գիտելիքից և ակտիվությունից ինչ որ բան է կախված: Սակայն մի կոնկրետ փուլում ակտիվ պայքարն ավելի համակարգված չլինելու դեպքում ուժերի ուղղակի ջլատում է, ավելին, կարող է լինել հիասթափություն, դեպրեսիա:
Ի վերջո, երբ քաղաքացիական հանրույթը այլևս խոսքով տեղ չի կարողանում հասցնել իր ուզածը, արդյոք այլ կերպ չպետք է պայքարել, օրինակ՝ դիմադրությամբ:
Ամեն մեկի պայքարը մի աստիճանում պիտի դառնա համակարգված և լուրջ պայքար, այսպես շարունակելով հատվածական' փողոցային պայքարում, եթե իշխանությունը մի քանի հոգի էլ սադրիչ ներդնի' ստացվելու է ամբոխ, խուժանի է նմանվելու' արժեզրկվելուն ուղղված: Իսկ երբ մի ոստիկան էլ իր սերն ու ատելությունը չզսպի' պայքարի նշանակետը շատ սլացիկ անցնելու է ոստիկանությունում բնազդների կառավարելիության թույլտվության քննարկմանը: Վաղուցվանից եմ դիտարկում, քաղաքական ակտիվիզմում մի տաբու կա, դա գուցե և իրենց ուժն է, բայց նաև որոշ ժամանակահատվածում' թուլությունը: Դա լիդերի հարցն է: Բոլորը խուսափում են թե բարձրաձայնելուց, թե այդ կարևոր պահերին առաջադրվելուց, և շատ հասկանալի է ինչու: Մտավախությունը, որ բուրգի կնմանվի, քանի որ վարկաբեկված են ցանկացած բուրգանման շարժումներ, կուսակցություններ: Սակայն ճկունության խնդիր կա, և հորիզոնական դաշտում էլ պետք է եթե ոչ մեկի, գոնե կուռ համագործակցություն մի քանիսի մեջ: Այսինքն՝ կազմակերպված, նպատակային և հաջողության հասնող գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ է համակարգված վիճակ, և ամենևին էլ չպետք է վախենալ բնական լիդերից: Իրականում բարդույթ է առաջացած լիդերության գոյության և կարևորության վերաբերյալ, կարող է լինել և հավաքական առաջնորդություն:
Դա իհարկե օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունի և գալիս է ժողովրդի մեջ նստած թագավորի կարծրատիպից, որն էլ հենց քաղաքական ակտիվը փորձում է կոտրել: Իհարկե պետք է պայքարի այլ ձևեր մտածել, այլ մոտեցումներ մշակել: Տեսանք Փակ շուկայի միջադեպերն ինչ են ասում: Ակտիվիզմի մեջ բարու և չարի միջև պայքարի առասպելվածությունը գործում է, հասարակության մեջ կան վերաբերմունքներ, նույնիսկ կամավոր աջակիցներ են հայտնվում (օրինակ, 100 դրամի պայքարի ժամանակ), սակայն մենք Փակ շուկայի օրինակով մի այլ բախում տեսանք: Եթե կարծում էինք հասարակությունը պասիվ է, չի խառնվում, բայց գիտակցում է, բարին և չարը ընդգծված ունի, տեսանք նաև մի այլ հասարակություն, որտեղ կա բարին ու չարը, բայց տարբեր կողմերում: Փաստորեն կա մեկ–մեկ անձերի հասարակություն, փոքրիկ սոցիալական հանրույթներ, որոնց պատկերացումները, ճաշակը, հերոսը և հանցագործը ծայրաստիճան տարբեր են մեկ այլ սոցիալական հանրույթի ոգեշնչողից ու հանցագործից:
Ի՞նչ եք կարծում, քաղաքացիական հատվածի նկատմամբ ճնշումները Մաքսային միությանն անդամակցելուց հետո կուժեղանա՞:
Չգիտեմ՝ այդ ծրագիրն ինչ ճակատագիր կունենա կամ կունենա որևէ ճակատագիր, տրամաբանորեն կարող ենք ենթադրել, որ տոտալիտար կամ ավտորիտար ռեժիմով երկրների միջավայրում առավել ադեկվատ զգալու խնդիր կառաջանա: Իհարկե, դա մի քանի քայլ այսօրվա իրականությունից հետ է: Մենք այսօր էլ նահանջի որոշ քայլեր տեսնում ենք, երբ կոնկրետ ակտիվիստների են ծեծում կամ ահաբեկում: Այդ էտապը թվում էր անցած: Բայց համահունչության ու ավելի ավտորիտար լինելու պահանջ է առաջանալու, հատկապես երբ Եվրոպայի առաջ լղոզելու պարտավորություն չեն էլ ունենա:
Անկախության օրն է մոտենում, որի նախօրեին Սերժ Սարգսյանը ներկայացրեց ՄՄ անդամակցության հայտը: Շատերը սա անկախության ավարտ են համարում: Ի՞նչ եք կարծում, արդյոք այն, ինչ տեղի ունեցավ, հանրության մեծամասնության ցանկությո՞ւնը չէր, քանի որ մեր հասարակության մեջ առողջ հատվածը, մտքեր արտադրող հատվածն այդպես էլ չգերակշռեցին:
Մեր հասարակությունը խոր խորհրդային ավանդույթներով պրոռուսական հասարակություն է: Խորհրդային ավտորիտար մտածողությունը դեռևս հոգեկան իներցիայով գոյություն ունի և սոցիալիզացիայի միջոցով կամա թե ակամա փոխանցվում է սերնդեսերունդ: Դա կտեսնենք վարքում՝ դրսևորված, ամրապնդված, որ հետագայում դառնում է բնավորություն: Շատերը կարոտախտով են հիշում «խորհրդային հասարակության» մեջ միջանձնային, միջխմբային և միջհասարակական հարաբերությունների «կայուն մշակույթի» մասին: Իսկ հիմնականում, նույնիսկ ըմբոստանալով էլ, միևնույն է' կրողն են և շարունակողը: Մարդիկ տարիներով իրենց նույնականացնում էին «մեծ ու փրկիչ» Ռուսաստանի հետ, դա ազգերի, հավաքական հոգեբանության մեջ շատ կարևոր գործոն է: Եթե հոգևոր աշխարհն ընդհանուր է, ապա կա միասնություն: Այդ միասնության առանցքը, գրավականը կարող է լինել անձը, կուռքը: Անձը հրաժարվում է իր «Ես-իդեալից», որը փոխարինվում է հավաքական իդեալով, վերջինս ամփոփվում է կուռքի մեջ: Դե հիմա տեսեք, տարիներով խորհրդային մտածելակերպն է գերիշխել, և հավաքական կուռքերը եղել են Ռուսաստանի կողմից թելադրված կերպարները, պատմական հերոսները, եղել են խորհրդային հերոսները: Ռուսաստանը համարվել է բոլոր փոքր հանրապետությունների «բնօրրան», ինչպես նաև ավտորիտար համակարգը, երբ սովորական քաղաքացին առանձնապես մտածելու կարիք չուներ, իր փոխարեն պետք է համակարգը մտածեր, «հայրը» մտածեր: Այս ամենից ենթադրվում է, որ ենթագիտակցականում մարդկանց ավելի հարազատ ու հասկանալի է այդ համակարգը, այդ լեզուն, այդ մշակույթը: Բնականաբար, եվրոպամետ զանգվածը քիչ է և թոթափած' խորհրդային «փառահեղ» գերտերություն Ռուսաստանի հեղինակության բեռը: Մենք խնդիր ունենք ի վիճակի լինել, գիտակցել ու ազատվել ռուսահպատակության իներցիայից և ինքնության նոր առանցք գտնել, ինչը, կարծում եմ, դեռևս անհնար է' հաշվի առնելով հասարակության «լուսավորյալ» և «խորհրդային» հատվածների միջև անհամաչափությունը: Լեբոնն ասում է. «Առանց ավանդույթների չի կարող լինել քաղաքակրթություն, առանց ավանդույթները ջարդելու չի կարող լինել առաջընթաց»:

Շարունակությունն` այստեղ: