Սիրելի′  հայրենակիցներ

 

Հայաստանի Հանրապետության ԵրկրապահԿամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ եւ պատանի երկրապահների ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ' Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի' սեպտեմբերի 21-ի տոնի առթիվ:

 

Անկախության ձգտող մեր ժողովուրդը դարավերջին կարողացավ սեփական ճակատագիրը ուղորդել պատերազմի եւ տնտեսական դժվարությունների միջով: Մենք հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք Արցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ եւ շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր արժանապատվությամբ:

 

Մեր ժողովուրդն իր դժվարությունների, մաքառումների, զրկանքների եւ հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը:

 

Այսօր էլ ազատության ու անկախության հաղթանակի դրոշը պարզած հայ ժողովուրդը պատվով հաղթահարում է եւ հաղթահարելու է բոլոր փորձությունները եւ հավատով ու հույսով լցված նայում ապագային, միասնականորեն շարժվում դեպի համահայկական իղձերի իրականացում:

 

Անկախության տոնը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր օրն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով երկրապահները, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականները միշտ պատրաստ են ու զգոն:

 

Երկրապահները անկախության գործընթացի առաջին օրերից անձնազոհաբար մասնակցել եւ մասնակցելու են երկրի անկախության ու պետականության ամրացման գործընթացին, որովհետեւ երկրապահները գիտակցում են, որ կարեւորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ նաեւ ձեռք բերածը պահպանել ու սերունդներին փոխանցելն է:

 

Միասնության ամուր հավատով, հանուն մեր սուրբ նահատակների մենք պարտավոր ենք հաղթահարել նաեւ այսօրվա ու վաղվա մարտահրավերները եւ առաջ ընթանալ' ապագան վստահելով նոր սերնդին:

 

Մեր անկախությունը արդեն 22 տարեկան է, որը յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Տեր կանգնենք մեր 22-ամյա անկախությանը, միասնաբար հզորացնենք մեր երկիրը: Մեր հզորությունը' մեր միասնության մեջ է:

 

Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս, հերոսներ ծնող մեր հերոս մայրերին, մեր նահատակ մարտընկերների հարազատներին, իր ապագան կերտող մեր նոր սերունդին, միշտ մարտունակ արցախահայությանը, աշխարհասփյուռ հայ ժողովրդին եւ ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ պայծառ ապագայի հանդեպ:

 

Հարգանքներով`

 

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ

Արցախի հերոս

Գեներալ-լեյտենանտ Մ.Ս. Գրիգորյան