ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն օրերս Աթենքում հանդիպել է Ընկերվար Միջազգայնականի նախագահ, Հունաստանի «ՊԱՍՈԿ» կուսակցության նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Յորղոս Պապանդրեուի հետ եւ քննարկել ֆինանսական ճգնաժամի ազդեցությունն ավելի լայն տարածաշրջանի վրա, Կովկասում ու Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումները։

 

ՀՅԴ մամլո դիվանից հայտնում են, որ Հրանտ Մարգարյանը Ընկերվար Միջազգայնականի նախագահին հրավիրել է Հայաստան: Պապանդրեուն ընդունել է հրավերը եւ շնորհակալություն հայտնել Ընկերվար Միջազգայնականում ՀՅԴ-ի գործուն մասնակցության եւ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանային հանձնախմբում ներդրումի համար։
Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների։

 

ԱՊՀ երկրների կուսակցություններից լիիրավ անդամի կարգավիճակ ստացած առաջին կուսակցությունը ՀՅԴ-ն է եղել (2003թ)։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը կազմակերպության փոխնախագահն է, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանային հանձնախմբի համանախագահը։ ՀՅԴ-ի համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությանը (IUSY)։