Ազատամարտիկները անգամ հաղթել են Արցախում, և պետք է երկրորդ անգամ պայքարեն Հայաստանի համար, այս մասին այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի հրավիրված համատեղ հանրահավաքին հայտարարեց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

«Պայքարենք այնքան մինչև կհասնենք մեր նպատակին: Ես ձեզ կոչ եմ անում՝ ևս մեկ անգամ բոլոր կուսակցություններին, սփյուռքին՝ եկե՛ք միավորվենք, թողե՛ք ձեր ամբիցիաները, ձեր այսրոպեական շահերը: Ում համար թանկ է հայրենիքը պետք է միավորվեն»,– ասաց նա:

«Մենք հասել ենք մի սահմանագծի, որից այնկողմ վտանգ է, որից այն կողմ, չենք կարողանա փրկել հայրենիքը»,- նշեց ազատամարտիկը՝ ավելացնելով, որ հաղթելու միակ հնարավորությունը Ազատության հրապարակում, ՀՀ քաղաքների հրապարակներում կողք կողքի կանգնելը, միավորվելն ու պայքարելն է:

Ազատամարտիկը արձանագրեց, որ այսօր շատերը միմյանց հեգնանքով են շնորհավորում անկախության օրվա կապակցությամբ և ավելացրեց.«Մեր երազած անկախությունը չի սա, բայց ետ գնամ պատմության մեջ: Պատերազմի տարիներին մենք պայքարու էինք Հայաստանի ու Արցախի անկախության համար և մենք հաղթեցինք»:

Խաչիկ Ավետիսյանը հավելեց, որ ազատամարտիկները բողոքը պարտավոր են դարձնել պահանջ: «Մենք ունե՛նք պահանջելու և՛ պաշտոնյայից, և՛ նախագահից, և՛ մտավորականներից , և՛ կուսակցություններից»,- հայտարարեց Խաչիկ Ավետիսյանը: