«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցները սեպտեմբերի 20-ին հանդիպել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. «Գ. Հարությունյանը ողջունել է հյուրերին և կարևորել, որ սփյուռքահայ մտավորականները համախմբվել են համահայկական հիմնախնդիրների լուծման շուրջ, քանի որ մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ մոտեցումները պետք է միասնական լինեն: Նա վստահություն է հայտնել, որ Սփյուռքի ներուժի համախմբումը իր դրական արդյունքը կտա համազգային խնդիրների լուծման գործում:
ՍԴ նախագահը ներկայացրել է ՀՀ-ում սահմանադրաիրավական ոլորտի բարեփոխումներին վերաբերող խնդիրները, սահմանադրական մշակույթի ձևավորման, այս գործում այլ երկրների փորձի ուսումնասիրումը և կիրառումը:
Համաժողովն իր աշխատանքը շարունակել է Սփյուռքի նախարարությունում, որտեղ համաժողովի մասնակիցները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի, Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը բարձր է գնահատել սփյուռքում գործող իրազեկման կառույցների գործունեությունը: Նա ասել է. «Այս համաժողովը հնարավորություն է ընձեռում գնահատելու ձեռքբերածը և ուղղելու սխալները, լսելու միմյանց կարծիքները: Ձեր ներկայությունը հավատ ու վստահություն է ներշնչում, որ մենք առաջիկայում մեր հայրենիքը կտեսնենք այնպեսՙ ինչպես երազում ենք: Այն, որ մեր բոլոր դժվարությունները հաղթահարվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ, անժխտելի ու անվիճելի իրողություն է: Մենք պետք է գիտակցենք, որ արցախյան ազատամարտը սկսվեց, որ այլևս ցեղասպանություն չլինի: Կարծում եմ, դուք առավել ակտիվորեն պետ է ձեր ջանքերը ներդնեք Արցախի հիմնախնդրի իրազեկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործում»:
Ամփոփելով քննարկումըՙ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ նախագահին, բարձր է գնահատել նրա ներդրումը Արցախյան ազատամարտում և ԼՂՀ կայացման գործում: Նախարարը հույս է հայտնել, որ սփյուռքի 30000 հայկական կազմակերպություններն ու հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցները նոր եռանդով կգործեն՝ նպաստելով համահայակական խնդիրների լուծմանը:
Համաժողովի երկրորդ օրն ամփոփվել է ՀՀ նախագահական նստավայրում: Մասնակիցները հանդիպում են ունեցել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ»: