tesadasht.am Ցանկացած պատերազմ, հակամարտություն ուղեկցվում է տեղեկատվական պատերազմով: Թեև Հայաստանի և Ադրբեջանական հանրապետության միջև դադարել են պատերազմական գործողությունները, բայց այժմ մենք գտնվում ենք պատերազմական ոչ պակաս բարդ փուլում, որն ի տարբերություն իրական պատերազմի, կարծես թե, ավարտ չունի: Այդ պատերազմին դիմակայելու ու հաղթող դուրս գալու համար անհրաժեշտ է միշտ զգոն լինել:
Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմ վարող հիմնական երկրները Ադրբեջանը և Թուրքիան են: Եղանակներից մեկն էլ այն է, որ ադրբեջանական հանրապետությունը պատրաստում է հայալեզու հաղորդումներ հայ լսարանի համար: Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական հեռուստաալիքներից շատ քչերն են գործում: Մեծամասամբ գործում են Շանթ և Կենտրոն հեռուստաընկերությունները, որոնք էլ հեռարձակվում են շատ վատ որակով, փոխարենը՝ Ադրբեջանական հանրապետությունը ակտիվ ձևով և լավ որակով ցուցադրում է հայալեզու հաղորդաշարեր, որոնք կրում են քարոզչական բնույթ:
Հաղորդումների ժամանակ խոսվում է այն մասին, թե «ինչքան խաղաղասեր է Ադրբեջանական հանրապետությունը, որը ցանկանում է տարածաշրջանում տիրի խաղաղություն, իսկ փոխարենը՝ ագրեսոր հայերը օկուպացված են պահում իրենց տարածքները»:
Սահմանամերձ գյուղի բնակիչները, եթե չունեն արբանյակային ալեհավաք, ապա ստիպված են սահմանափակվել կամ հայկական մեկ-երկու հեռուստաընկերություններով, կամ էլ դիտել հակառակորդի՝ քարոզչական նպատակով ստեղծված հաղորումները:
TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդարյանը հավաստիացրեց, որ գյուղում արդեն բոլորն էլ գիտեն, որ դրանք չի կարելի նայել: «Գյուղում համարյա բոլորն էլ ունեն ալեհավաքներ, բացի դա՝ բոլորն էլ գիտեն, որ հակառակորդը քարոզչական նպատակներով է ցուցադրում այդ հաղորդումները: Մեծից փոքր, ոչ մեկն էլ չի նայում դրանք: Գյուղում հեռարձակվում եմ Շանթ, Կենտրոն, Հ2 հեռուստաընկերությունները: Դրանք ենք նայում, բացի դա՝ ալեհավաքից ենք օգտվում»,- նշեց գյուղապետը:
Թեմայի շուրջ խոսեցինք նաև քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի հետ: «Ենթադրենք, ադրբեջանական հեռուստատեսությունը պառակտող կամ բարոյալքող քարոզչություն է վարում: Բայց մենք չգիտենք, թե մինչ այդ ինչպիսի տրամադրություններ էին տարածված և ինչ չափով։ Մենք չենք հետազոտել ու չենք կարող հստակ մատնանշել հայկական լսարանի վրա ազդող այլ գործոնները»,- նշեց Կ. Վրթանեսյանը։
Նա օրինակ բերեց որոշ հենց հայկական լրատվամիջոցների տարածած բարոյալքող նյութերի ազդեցությունը։ «Կարծում եմ, որ բացասական տրամադրություններ ստեղծող, ամեն ինչի վրա ցեխ շպրտող հայկական աղբյուրների տված վնասը շատ ավելի մեծ է, քան ադրբեջանական հայալեզու հեռուստաալիքներինը»,- նշեց Կ. Վրթանեսյանը։
Այս հարցի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից, որտեղից արտաքին կապերի բաժնի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցերը ներկայացնենք գրավոր տարբերակով: Պատասխանը ստանալուց կհրապարակենք այն:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանական հանրապետության պատրաստած հաղորդման ձայնագրությունից մի հատված, որը ձայնագրվել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: