««Կոբա, ինչի՞դ է պետք իմ մահը»։ Այդպիսի երկտող, ինչպես հայտնի է, հայտնաբերվել է Ստալինի արխիվում։ Դրա հեղինակն է խորհրդային առաջնորդի նախկին զինակից Նիկոլայ Բուխարինը. այդ հուսահատ երկտողը նա գրել է գնդակահարվելուց մի քանի ժամ առաջ՝ դիմելով նախկին ընկերոջը վերջինիս բոլշևիկյան կեղծանունով։ Իսկապես, ի՜՞նչ խնդիր էր լուծում Ստալինը՝ 1938 թվականին վերացնելով իր համար որևէ վտանգ չներկայացնող, որևէ լծակներ չունեցող բոլշևիկի և մեղադրելով նրան լրտեսության մեջ։ Իշխանության համար պայքարն ավարտվել էր, ամեն ինչ Ստալինի ձեռքում էր, Բուխարինի կողմից դավադրությունը բացառված էր։
Ռացիոնալ բացատրություններ չկան, հավանաբար, ինչ-որ անհասկանալի էմոցիաներ են, ինչ-որ քինախնդրություն, որը կարող էր առաջանալ, օրինակ, այն պատճառով, որ դրանից 16 տարի առաջ Լենինը Բուխարինի մասին ջերմ էր արտահայտվել։ Իհարկե, «ժողովուրղների հոր» և հայկական էպոսի մասնագետի միջև ոչ մի ընդհանրություն չկա, բայց ես այս դեպքում էլ չեմ հասկանում, թե ինչու էր Վարդան Սեդրակյանը ցանկանում սպանել Պարույր Հայրիկյանին։ Ի՞նչը չէր կիսել ԱԻՄ առաջնորդի հետ։ Պարոն Հայրիկյանն ունի իր բացատրությունը, որը, ճիշտ է, երևակայական ոլորտից է։
Ըստ այդմ, Պուտինը ուզում էր Հայաստանը մտցնել Մաքսային միություն և տեսնելով, որ դրա միակ պատնեշը Հայրիկյանն էր, Սեդրակյանին մահափորձ էր պատվիրել, վերջինս էլ պատվիրել էր իր գաջագործներին։ Իհարկե, դրան դժվար է հավատալ, բայց դա ինչ-որ բացատրություն է։ Մնացածը իմ ռացիոնալ ընկալումներից դուրս է»,-գրում է «Առավոտ» օրաթերթը: