Yerkirmedia.am Որպես ՀՀ նախագահի թեկնածու հանրությանը հայտնի Արկադի Վարդանյանի գործով դատավարության ժամանակ այսօր զավեշտալի դեպք է եղել։
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը ստիպված էր թե՛ ամբաստանյալներին, թե՛ նրանց փաստաբաններին, եւ թե՛ տուժողին մի քանի անգամ հիշեցնել, որ բարձրացվող հարցերը լինեն միայն գործի վերաբերյալ։ Սակայն տուժող Ռոբերտ Ավետյանը, ում դեմ էլ հենց մահափորձ է իրականացվել, հաճախ ոչ ըստ էության հարցադրումներ էր անում։ Սակայն "ամենաուշագրավը" մի դրվագ էր, երբ հարցաքննվում էր վկա, դեղագետ Անահիտ Այվազյանը։
Վերջինս նկարագրում էր հոգեմետ "Ազալեպտին" դեղի հնարավոր վատ ազդեցությունը, որով էլ, ըստ գործի, փորձել են սպանել տուժողին, եւ հենց այդ պահին Ռոբերտ Ավետյանը դատարանի թույտվությամբ հարցի իրավունք խնդրեց եւ շատ անկեղծորեն հարց ուղղեց դեղագետին. "Ինձ չի հետաքրքրում էդ դեղը, եթե "Տեմպալգինը" մի քանի հատ խմես, վնասակար չէ՞..."։
Դատավոր Արշակ Վարդանյանը ստիպված ընդհատեց տուժողին՝ հավելելով, որ նշված դեղը գործի քննության հետ կապ չունի։ Տուժողին այլ բան չէր մնում, քան ներողություն խնդրել։