Երեկ մտահոգիչ միջադեպ է տեղի ունեցել Մեղրի-Երևան ճանապարհին՝ հարձակվել են «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրան ուղեկցող անձանց վրա:

 

Նրանց մեքենան ստուգելու պատրվակով կանգնեցրել են ռուս սահմանապահները՝ ФСБ-ի տարբերանշաններով համազգեստով: Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ Մեղրի Ագարակ հատվածում պատգամավորը և նրան ուղեկցող անձիք փորձել են նկարահանել փակված ճանապարհահատվածն ու կուտակված ավտոմեքենաները, ինչին և խոչընդոտել են ռուս սահմանապահները՝ հարձակվելով և կոտրելով տեսախցիկը:

 

Զարուհի Փոստանջյանը բացատրություն է պահանջել կատարվածի համար, զանգահարել է նաև ոստիկանություն: Փոստանջյանին մոտեցած ոմն գնդապետ Միրզոև հայտնել է ճանապարհը փակելու պատճառը' պարսիկի են փնտրում, ով փորձել է թմրանյութ անցկացնել:

 

Մեր տեղեկություններով' ռուս սահմանապահները իրենց անվայելուչ են պահել պատգամավոր տիկնոջ նկատմամբ: Իհարկե, Փոստանջյանը դիմել է ոստիկանություն և բացատրություն է պահանջել կատարվածի համար: ԱԺ պատգամավորը լրատվամիջոցներից մեկին հայտնել է նաև. «Եթե մեր կողմից չլիներ պնդում, որ մենք կբողոքենք, եւ հիմա մենք դիմում ենք նաեւ իրավապահ մարմիններին, նրանք պատրաստ էին մեր անձնակազմի նկատմամբ նաեւ բռնի ուժ կիրառել, եւ նույնիսկ չեմ բացառում, որ մեզ նաեւ մեկուսացնեին»:

 

Իհարկե չեմ կասկածում, որ համապատասխան մարմինները կգտնեն իրավիճակը հարթելու ձևը: Խիստ կարևոր է, որ իրենց այդպիսի լկտիություն թույլ տված անձիք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Բացարձակապես անհեթեթ են ռուս սահմանապահների այն պնդումները, որ տեսախցիկը ջարդել են' սահմանին մոտ գտնվելու պատճառաբանությամբ: Ճանապարհի այդ հատվածը սահմանից հեռու է մոտ 25 կիլոմետր, և Հայաստանում շատ քիչ բնակավայրեր կգտնվեն, որոնք մոտավորապես այդքան հեռավորություն չունենան ՀՀ պետական սահմաններից որևէ մեկից, ու դա թույլ չի տալիս որևէ ազգության սահմանապահի' բռնանալ տեղեկանալու և տեղեկացնելու մարդկանց իրավունքին:

 

Այդ որ օրենքով է ռուս սահմանապահը իրեն իրավունք վերապահում' ջարդել ՀՀ քաղաքացու գույքը: Եթե իսկապես այդ պահին այդտեղ նկարահանում կատարել չէր թույլատրվում, պարտավոր էին ներողություն խնդրել ՀՀ քաղաքացուց (Նույնիսկ չեմ շեշտում Զարուհու' պատգամավոր լինելու հանգամանքը), կրիչից հեռացնել նկարահանված կադրերը և քաղաքավարության բոլոր կանոնները պաշտպանելով' հետ վերադարձնել տեսախցիկը:

 

Այդ սահմանապահները հավանաբար շատ ուղղակի են հասկացել ՀՀ-ի' Մաքսային միության կազմում կորցնելիք սուվերենության որոշակի աստիճանը և արդեն իրենց թույլ են տալիս բարձր կանգնել Հայաստանի օրենքներից և բռնության դիմել: Մինչդեռ վիճահարույց միությանն անդամակցելուն ընդառաջ Մոսկվան պետք է իր քաղաքացիներին հորդորեր առավել քաղաքակիրթ գտնվել, որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրություններ չբորբոքվեն:

 

Միջադեպի մասնակիցների պատասխանատվության հարցը մեր պետության համար պատվի խնդիր է: Պետք է պարզապես ստիպել, որ անկախ որևէ ձևաչափի դաշնակցային հարաբերություններից' այլազգիները հարգեն մեր օրենքներն ու մեր պետության քաղաքացիներին...


Վարուժան Բաբաջանյան