168.am Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ղարաբաղյան «Էյր Արցախ» ավիաընկերությունը ներկայումս իր տրամադրության տակ ունի քաղաքացիական երկու օդանավ, որոնցից մեկի անձնակազմը թռիչքներ է իրականացնում Ստեփանակերտի օդանավակայանում: Այս մասին հայտնել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում եղած աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ստեփանակերտում իրականացվում են տեխնիկական թռիչքներ, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում գտնվող Ստեփանակերտի օդանավակայանում թռիչքների ու վայրէջքների մշակումն է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ շփման գծի մոտ լինելը: Մասնավորապես, եթե խորհրդային ժամանակներում ինքնաթիռները Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք էին կատարում արևելքից, ապա ներկայումս դա արվում է արևմուտքից (Հայաստանի կողմից)՝ նվազեցնելու համար Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակման ենթարկվելու ռիսկերը: Այդ նպատակով կատարվել են միլիոնավոր խորանարդ մետրի հողափորման աշխատանքներ՝ օդանավակայանի մոտ ռելիեֆը հարթեցնելու համար:
Օրեր առաջ ԼՂՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը հայտարարեց, որ ԼՂՀ-ի ձեռք բերած օդանավերը տեխնիկական պլանում 15 օր անց պատրաստ կլինեն Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ իրագործելուն, իսկ Ստեփանակերտի օդանավակայանը վաղուց է պատրաստ ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները սպասարկելուն: Նշվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին, և իր աշխատանքները դադարեցրել է 1992 թվականին: Նրա վերակառուցումը մեկնարկել է 4 տարի առաջ:
Կառուցվել է օդային նոր տերմինալ, ընդլայնվել և երկարացվել է թռիչքուղին: Երբ 2011 թվականին հայկական կողմը հայտարարեց կանոնավոր չվերթները վերսկսելու իր մտադրության մասին, Բաքուն սպառնաց կործանել դեպի Ստեփանակերտ մեկնող և այնտեղից թռչող յուրաքանչյուր ինքնաթիռ, ինչը հարուցեց միջազգային հանրության բացասական արձագանքը, իսկ պաշտոնական Երևանը նմանատիպ սպառնալիքը որակեց որպես «պետական ահաբեկչության դրսևորում»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անձամբ դառնալու է Հայաստանից Ղարաբաղ առաջին ավիաչվերթի առաջին ուղևորը: