aravot.am «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը քիչ առաջ տեղեկացրել էր, որ բնակիչներից բազմաթիվ ահազանգեր է ստացել ՀՀԿ թեկնածուի մարդկանց կողմից քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ: ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Նորայր Հարությունյանը հերքեց այդ տեղեկատվությունը' նշելով, որ դրանք ընդամենը ասեկոսեներ են եւ իրականության հետ ընդհանրապես կապ չունեն: «Դրանք ասեկոսեներ են, չեն համապատասխանում իրականությանը, մինչեւ ընտրություններն էլ էին ասում նման բաներ, բնական է հակառակորդ թեկնածուները միշտ ընտրություններում նման հայտարարություններ են անում: Ես ինքս այսօր շրջել եմ ընտրատեղամասերով, ընտրակաշառք բաժանելու դեպքեր չեմ տեսել անձամբ: Եթե իրենք տեսել են, ունեն փաստեր'թող դիմեն ոստիկանություն, որ պատժեն այդ մարդկանց», -պարզաբանեց պարոն Հարությունյանը: Նա նաեւ հերյուրանք համարեց ոչխար մորթելու եւ ընտրակաշառքի փոխարեն ոչխարի միս բաժանելու մասին հնչեցված հայտարարությունը: «Ես ոչխար մորթելու մասին չեմ լսել: Եթե նման բան է եղել, ինչո՞ւ որեւէ մեկը չի եկել ասել, որ պարոն Հարությունյան ոչխար եմ մորթել կամ կով եմ մորթել էդ միսն եմ բերել, վերցրեք», – հավելեց պարոն Հարությունյանը: