7or.am Պետությունն ու հայրենիքը նույնական բան են։ Համենայնդեպս պետականաստեղծ ազգերն ու ժողովուրդներն այդպես պետք է մտածեն։ Հայրենիքի այլ՝ վերացական պատկերացումները ներհատուկ են հետամնաց և կոմպլեքսավորված ցեղախմբերին։ Հայրենիքի սահմանները սկսվում և ավարտվում են այնտեղ, որտեղ կանգնած է քո երկրի զինվորը։ Վե՛րջ։ Հայրենիքի սահմանների այլ մեկնաբանությունները նախատեսված են մանկամիտների համար։

Սա որպես նախաբան։ Այժմ բուն թեմայի մասին։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը շատ «նախաձեռնողական» ստացվեց մեր հայրենիքի համար։ Հայրենիքը իշխանության պահպանման դիմաց հանվեց վաճառքի։ Մաս–մաս։ Թուրքերի հետ «ֆուտբոլը», ԵՄ–ի հետ ասոցացման խաղերն ու ՌԴ–ի հետ մաքսային ինքնանվաստացումն այդ շարքից են։

Սարգսյանը «նախաձեռնողական» է նաև ավելի ցածր մակարդակի հարցերում։ Օրինակ՝ նրա օրոք ՀՀ դեսպանատները վերածվեցին գործընկերներին, ընկեր–բարեկամներին, հաճախորդներին կամ էլ լավ փող տվողներին հանձնվող տարածքների։ Այսինքն՝ դեսպանատները և դեսպանների ֆունկցիաները Սարգսյանի համար փոխել են իրենց դերն ու նշանակությունը։ Իսկ դեսպանատներն, ինչպես հայտնի է, հանդիսանում են հայրենիքի մասնիկներ։ Ասել է թե՝ եթե վաճառքի է հանվում դեսպանատունը, ապա վաճառվում է հայրենիքի այդ մասը։

Ցավով պետք է արձանագրել, որ 2008–ից հետո դեսպաններ նշանակելը հիմնականում առևտրային գործարքի պես մի բան է դարձել։ Բնականաբար՝ պետական քաղաքականության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Դեսպաններ են նշանակվում կա՛մ տվյալ տարածքում բիզնես–հետաքրքրություն ունեցող ազգությամբ հայերը, կա՛մ էլ Սերժ Սարգսյանից հաճախորդական փոխհատուցման ակնկալիք ունեցողները։ Ասել է թե՝ պրոֆեսիոնալ դիվանագետների կարիք Բաղրամյան 26–ում չունեն, քանզի պրոֆեսիոնալները «քեշ» փող չեն առաջարկում և հակված չեն հաճախորդության։

Այսպես, Իրաքում ՀՀ արտակարգ և լիազար դեսպան է նշանակվել ռուսաստանաբնակ հայ գործարար, «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը։ Պարզ է, որ գործարարին պետք է եղել դեսպանի կարգավիճակը՝ Իրաքի պետական կառույցների հետ իր մասնավոր բիզնեսին առնչվող հարցերն ավելի հեշտությամբ կարգավորելու համար։ Ինքնին հասկանալի է, որ ՀՀ–ի շահն այստեղ չկա։ Մուրադյանը պարզապես կարգավիճակ է գնել Հայաստանից՝ ձեռքի հետ գնելով նաև մեր հայրենիքի այդ հատվածը։ Բայց նրան մեղադրել չարժե. եթե հայրենիքը «քեշ» փողով վաճառվում է, ապա մեղավորը գնորդը չէ։

Վերջերս դեսպան նշանակվեց նաև ոչ անհայտ լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանը, ով Մեծ Բրիտանիայում բիզնես հետաքրքրություններ ունի։ Նա մտերիմ է Սերժ Սարգսյանի հետ և ըստ ամենայնի՝ դեսպանի կարգավիճակ է ստացել մատուցած ինչ–ինչ ծառայությունների դիմաց։ Հայաստանի շահն այս դեպքում ևս չի երևում։

Մի հետաքրքիր տենդենց էլ է նկատվում։ Հայրենիքի հաշվին Սերժի հաճախորդներին պարգևատրելը։ Այդ ծրագրի շրջանակներում Ղազախստանում դեսպան նշանակվեց տխրահռչակ Արա Սահակյանը։ Իր նշանակմանն է սպասում նաև Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջատեր Վահան Հովհաննիսյանը։ Վերջինիս կուսակիցները Սարգսյանից պահանջում էին չզիջել, Սարգսյանն էլ չզիջեց ... դեսպանի աթոռը ուրիշներին:

Այս շարքը կարելի է շարունակել, թեև այսքանով էլ ամեն ինչ պարզ է դառնում։

Ահա այսպես է տեղի ունենում հայրենիքի վաճառքը, որը սկսվել է դեսպանատներից։ Հետո կանցնեն բուն «գույքին», եթե, իհարկե, այս ամենի դեմը չառնենք։