Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ: Տիգրան Սարգսյանը նախ եղել է Իսակիևյան տաճարում' ծանոթացել է վերջինիս պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին:
Շուրջ չորս հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված տաճարը, որն ունի նաև թանգարանի կարգավիճակ, հիմնվել է 1818-1858 թվականներին: Այն համարվում է Ռուսաստանի ամենահայտնի տաճարներից մեկը, որտեղ պահվում են 19-րդ դարի ռուսական մոնումենտալ գեղանկարչության լավագույն հավաքածուները: Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ'շրջել Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցասրահներով:
Այստեղ ներկայացված էին ուրարտական թագավորության դարաշրջանից եկող տարբեր ցուցանմուշներ, Անիից բերված խաչքարեր և Կարմիր բլուրում պեղումների արդյունքում հայտնաբերված հայկական գտածոներ: Վարչապետ Սարգսյանի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանում բացվել է նաև հայտնի ռուս ազգագրագետ Միլլերի լուսանկարչական հավաքածուի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին 20-րդ դարասկզբում Արևմտյան Հայաստանի, մասնավորապես, Վանի հայ ժողովրդի կյանքն ու ապրելակերպը: Միլլերի լուսանկարչական հավաքածուն' բաղկացած շուրջ 60 լուսանկարներից, դուրս է բերվել Արևմտյան Հայաստանից 1915 թվականի գարնանը:
Նախատեսվում է առաջիկայում Միլլերի հարուստ հավաքածուն մեկտեղել մեկ ալբոմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ ցուցահանդեսը հաջորդ տարի կներկայացվի Հայաստանում: Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը ծանոթացել է նաև նույն թանգարանում բացված Անդրկովկասի ժողովուրդների ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին: Այստեղ առկա էր նաև հայկական հավաքածուն' տարազներ, քարտեզներ, հնագիտական առարկաներ, որոնք ներկայացնում են հայաստանյան կենցաղը, Արևմտայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Շուշիի տարածքում հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը: Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի:
Հոկտեմբերի մեկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Կոնստանտինովյան պալատում կկայանա հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական' 15-րդ նիստը: