168.am-ի աղբյուրների համաձայն՝ Երևանի փողոցներից «քերված» ասֆալտը կրկին օգտագործվում է ասֆալտապատման նպատակով՝ մարզերում: Այս կերպ տնտեսվում է բավականին կլորիկ գումար, սակայն տուժում է ճանապրհների որակը: Սակայն մեր հարցմանն ի պատասխան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինական վարչությունից վստահեցրին, որ նախարարության կողմից իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում վերականգնվող ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը վերականգնվում է միայն նոր արտադրված ասֆալտբետոնե խառնուրդով:
Միաժամանակ տեղեկացրին, որ ՀՀ-ում գործող շինարարական նորմերին ու կանոններին համապատասխան՝ ասֆալտբետոնի գործարաններում արտադրված ասֆալտբետոնե խառնուրդը ենթարկվում է լաբորատոր փորձարկումների՝ համապատասխան որակ ապահովելու նպատակով: ՏԿՆ ճանապարհաշինական վարչությունից հայտնեցին, որ նախարարության կողմից 2012թ. ՀՀ պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում իրականացվել են շուրջ 178.1 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման ու վերականգնման աշխատանքներ՝ շուրջ 13.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
2013թ-ին ՀՀ պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում նախատեսված է վերականգնել շուրջ 107.2 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներ՝ 12.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Նախարարության հաշվեկշռում գտնվող 17 միջպետական նշանակության (1686 կմ) և 55 հանրապետական նշանակության (1775 կմ) ավտոճանապարհներն ամբողջովին ասֆալտապատ են: Կախված ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներից՝ (խճային հիմքով, երկշերտ կամ միաշերտ ասֆալտապատում, ջրահեռացում, մայթեր և մայթեզրային քարեր, այլ կոմունիկացիոն տարրեր) 1 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման արժեքը կազմում է 120-160 մլն դրամ: