Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արդեն հաստատել է գրիպի 2013-2014 թվականի գրիպի վակցինայի կազմը, բայց պատվաստանյութի խմբաքանակները դեռ ձեռք չեն բերվել, Tert.am-ին տեղեկացրեց ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, բժիշկ-համաճարակաբան Լիաննա Թորոսյանը:
Իսկ ԱՀԿ-ն առաջարկել է գրիպի a տեսակի մի քանի ենթատեսակների, այդ թվում ՝ H1 N1-ի և՛ շրջանային, և՛ պանդեմիկ շտամներ, ինչպես նաև գրիպի b տեսակը ներառող պատվաստանյութ:
Հիշեցնենք, որ H1 N1-ի պանդեմիկ շտամը բնակչության շրջանում առավել հայտնի է որպես խոզի գրիպ, թեև Առողջապահության նախարարության մասնագետներն արդեն առաջարկում են մոռանալ այդ բառը:
«Քանի որ մենք տեղական արտադրություն չունենք, դրսից ենք բերում և դեռևս պարզ չէ, թե ո՞ր արտադրողից կգնենք պատվաստանյութը: Անցյալ տարի էլ ենք իրականացրել, այս տարի էլ սահմանված կարգով կիրականացնենք»,– ասաց Լիաննա Թորոսյանը:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում գրիպի դեմ պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով՝ խոցելի խավերի համար անվճար, նրանցից դուրս շրջանակների դեպքում՝ որպես վճարովի ծառայություն:
«Դրանք բուժանձնակազմերն են, ծերանոցի բնակիչները, մանկատների սաները, ծերանոցներում բնակվող մեծահասակները: Այսինքն՝ այն կտրվածքով, որ նրանք անմիջապես են շփվում, այսինքն՝ դա ենթադրում է առողջապահական համակարգի շարունակական գործընթաց, որպեսզի այդ համաճարակների պատճառով ԱՆ աշխատանքը չպարալիզացվի»,- նկատեց բժիշկ-համաճարակաբանը:
Իսկ նշված մյուս խմբերը որպես թիրախային համարելը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով. ցածր իմունիտետ, փակ տարածքներում բնակություն և այլն:
Հիշեցնենք, որ աշխարհում գրիպի պատվաստանյութերի վերաբերյալ միասնական մոտեցում չկա, և շատ մասնագետներ դեմ են:
Ի պատասխան հարցի, թե եղե՞լ են դեպքեր, երբ պատվաստանյութն ընդունելուց հետո մարդու մոտ առաջացել են բարդություններ կամ միևնույն է՝ մարդը հիվանդացել է գրիպով, Լիաննա Թորոսյանը հարցի առաջին հատվածի հետ կապված նկատեց, որ հետպատվաստումային որևէ դեպք չի եղել, իսկ մյուս մասով ասաց.« Գրիպի նենգությունը նրանում է, որ ունի երկու տեսակ՝ a և b՝ մի քանի ենթատեսակներով: Ես, եթե այսօր հիվանդանում եմ մեկ ենթատեսակով մյուս ենթատեսակների նկատմամբ իմունիտետ ձեռք չեմ բերում և նորից եմ հիվանդանում: Գրիպի դեպքում խաչաձև իմունիտետ ասվածը չկա: Դրանով է պայմանավորված, որ շատ հաճախ ասում են՝ «գրիպս կրկնվեց»»: