Հայաստանը, որն այժմ ընդունում է հազարավոր սիրիահայ փախստականներ եւ առաջարկում է քաղաքացիություն ձեռք բերելու գերարագ ճանապարհ, շուտով մարդասիրական աղետի առջեւ կկանգնի, եթե Հալեպը անկում ապրի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանին իր ելույթում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

 

Ներկայացնում ենք նրա ելույթը:

 

«Սա առաջին անգամը չէ, որ ես անդրադառնում եմ այս հարցին, բայց առաջին անգամն է, որ կխոսեմ այս հարցի վերաբերյալ ավելի նեղ համատեքստում:

 

Թեեւ քիմիական զենքի վերաբերյալ համաձայնությունը կարծես կյանքի է կոչվում, սպանությունները դեռեւս շարունակվում են: Հակառակ հայտնի համոզմունքի, վիճելի է մնում այն հարցը, թե արդյոք կառավարությունն է, որ իրականացնում է իր քաղաքացիների ջարդը:

 

1915 թվականի Հայկական Եղեռնի ժամանակ հազարավոր հայեր ապաստան են գտել Սիրիայի գյուղական բնակավայրերում, որոնք Օսմանյան կայսրության մասն էին կազմում: Փրկվածները հիմնականում բնակեցվել են Հալեպի տարածքում:

 

Այժմ Հալեպը գտնվում է ավերակներում եւ իր՝ նախկինում բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիները եւ մասնավորապես հայերը շրջափակման մեջ են՝ գտնվելով դիպուկահարների փամփուշտների եւ նպատակային հարձակումների ներքո, ենթարկվելով առեւանգումների, բռնաբարությունների եւ ոչնչացման: Ոչ, չարագործներն ամենեւին իշխանական զորքերը չեն: Հանցագործները այսպես կոչված ընդդիմությունն են' «վատ տղաները», Ալ Նուսրան եւ այսպես կոչված «լավ տղաները»– չափավոր ընդդիմությունը' Ազատ Սիրիական բանակը: Մինչ կառավարությունը հոգ է տանում էթնիկ փոքրամասնությունների եւ մասնավորապես քրիստոնյաների մասին, որպես Սիրիայի հասարակության բազմաթիվ նախկին ձեռքբերումների շարժիչ ուժ, ծայրահեղական ապստամբները փորձում են ազատվել ոչ մուսուլման, ոչ սուննի փոքրամասնություններից: Մաալուլա քաղաքի հայտնի դեպքին հաջորդել է անցած շաբաթ տեղի ունեցած ավելի փոքր մի միջադեպ, երբ Ռաքքայում ընդդիմությունը գրավեց Հայկական եկեղեցին, կողոպտեց այն, հանեց խաչը եւ դրա փոխարեն տեղադրեց հայտնի սեւ դրոշը:

 

Սիրիայի հայկական համայնքի բազմաթիվ անդամներ հետեւողականորեն հաղորդել են, որ հատկապես Հալեպում ապստամբները որոշակի հետաքրքրություն են դրսեւորում հայերի նկատմամբ: Այն որսորդի հետաքրքրություն է իր զոհի նկատմամբ: Կան շատ լուրջ կասկածներ, որ այդ հետաքրքրությունը կարող է հրահրվել ազդեցիկ հարեւանի կողմից, որը սահմանակից է Հալեպի տարածաշրջանին:

 

Իր հերթին Հայաստանը, որն այժմ ընդունում է հազարավոր սիրիահայ փախստականներ եւ առաջարկում է քաղաքացիություն ձեռք բերելու գերարագ ճանապարհ, շուտով մարդասիրական աղետի առջեւ կկանգնի, եթե Հալեպը անկում ապրի: Անկասկած տեղի կունենա եւս մեկ ցեղասպանություն եւ այն հայերը, որոնց բախտ կվիճակվի փախչել, կհեղեղեն Հայաստանը: Ծանրաբեռնված լինելով Սիրիայի փախստականներով, մենք կհանդիպենք նոր մարտահրավերների, սակայն փոքր երկիրը ունի իր տնտեսական սահմանները: Ճնշումը սոցիալական համակարգի վրա չափազանց մեծ է, եւ թեեւ մենք կարողանում ենք պատշաճ կերպով հաղթահարել ստեղծված իրավիճակը:

 

Այն ժամանակ, երբ մենք' Արեւմուտքը, որոշում ենք զինել ընդդիմությունը եւ աջակցել այնպիսի երկրների սիրիական քաղաքականությունը, ինչպիսիք են' Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, մենք մոռանում ենք աջակցել կամ գոնե ապահովել գոյատեւման որոշ միջոցներով' ոչ մահաբեր կամ այո անգամ մահաբեր, նրանց, ովքեր իրական կրողներն են մեր արժեքների, մեր միասնական պատմության եւ իհարկե կրոնի: Մենք պետք է բացենք մեր աչքերը եւ տեսնենք, որ այնտեղ, որտեղ հասնում են Վահաբի Սուննիի ուսմունքները, հանդուրժողականությունն եւ մարդու իրավունքները չեն կարող գոյատեւել:

 

Ժամանակն է ընդունել, որ Մերձավոր Արեւելքի քրիստոնեական համայնքները, այս դեպքում Սիրիայի հայկական համայնքը քաղաքակիրթ աշխարհի լքված որբերն են, մոռացված եւ թողնված վարձկանների ողորմությանը: Եթե մենք չընդունենք մեր պատասխանատվությունն Մերձավոր Արեւելքի երկրների նկատմամբ, մենք շուտով կտեսնենք այլ Մերձավոր Արեւելք' Մերձավոր Արեւելք առանց քաղաքակրթության, մարդու իրավունքների եւ առանց ապագայի որեւէ հույսի: Դրա արդյունքում մենք կունենանք էապես այլ Եվրոպա, հետեւաբար եւ այլ աշխարհ: Մի աշխարհ, որ ոչ Ռոբերտ Շումանը եւ ոչ էլ մեզանից որեւէ մեկը երբեւիցե չէին կարող պատկերացնել»: