Կասպից ծովի տարածաշրջանում քվեարկություն է ընթանում: Նախկին ԽՍՀՄ մաս կազմող Ադրբեջանի հանրապետությունում ավտորիտար ռեժիմի ղեկավար նախագահ Իլհամ Ալիևը, ամենայն հավանականությամբ, 3-րդ անգամ կզբաղեցնի նախագահի պաշտոնը: Այդ են վկայում անցկացված հարցումները, համաձայն որոնց' այս անգամ ևս բնակչության 80%-ը պատրաստ է իր ձայնը տալ 51-ամյա բռնապետի օգտին, ով 2003-ին իշխանությունը ժառանգեց հորից' Հեյդար Ալիևից: Ադրբեջանում ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 5 մլն քաղաքացի:

 

Քանի դեռ Ալիևի համախոհները խոսում էին նավթով հարուստ երկրի տնտեսական աճի մասին, նրա քննադատները բարձրաձայնում են ընդդիմության նկատմամբ բռնությունների և ճնշումների մասին: Այս չորեքշաբթի ընթացող քվեարկությունը, այսպիսով, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից որակվել է իբրև «Ընտրություն' առանց ընտրության». գրում է գերմանական Deutsche Welle-ն:

 

ԵԱՀԿ-ն իր հերթին քննադատել էր Ադրբեջանում ընթացող նախընտրական քարոզարշավը' նշելով, որ պետական հեռուստաընկերությունները Ալիևի 9 ընդդիմադիր թեկնածուներին գրեթե չեն անդրադարձել և չեն լուսաբանել նրանց քարոզարշավը: Միաժամանակ, նախընտրական քարոզարշավում ոչ մի անդրադարձ չի կատարվել երկրի ներքին խնդիրներին, ինչպիսին է կոռուպցիան, աղքատությունը, գործազրկության մակարդակի աճը. նշում է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը: Իհարկե, պաշտոնական Բաքուն հերքում է այս մեղադրանքները:

 

Ալիևի ընդդիմադիրների միակ հույսը պտտվում է ընդդիմադիր թեկնածու Ջամալ Հասանլիի շուրջ: 61-ամյա պատմաբանը խոստանում է հարավկովկասյան այս պետությունում իսկական ժողովրդավարություն ստեղծել: Սակայն քաղաքական վերլուծաբանները նրան հաղթելու ոչ մի շանս չեն կանխատեսում: Ալիևը նաև հեղինակություն է վայելում Լեռնային Ղարաբաղը զինված պայքարի միջոցով հետ բերելու իր խոստումներով. գրում է Deutsche Welle-ն: