Այսօր` հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արևելյան 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը նշված շենքի թիվ 12 բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակիչ, 24-ամյա Արեն Հարությունյանի դին՝ սրտի և ոտքի շրջանում կտրած-ծակած վերքով:
Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննության աշխատանքներ էր կատարում, Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելով սպանություն կատարելու կասկածանքով Ստեփանավանի ոստիկանություն են բերման ենթարկում Ստեփանավան քաղաքի Թելմանի փողոցի բնակիչ, 43-ամյա Արա Հախվերդյանին, ով Ստեփանավանում ավելի շատ հայտնի է «Արիչոկ» մականվամբ:
Վերջինս փաստերի ճնշման տակ արդեն խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, իսկ ոստիկաններն արդեն հայտնաբերել և առգրավել են հանցագործության գործիք-դանակը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:
Քննիչի կողմից Ա. Հախվերդյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարած Ա. Հախվերդյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար եղել է դատապարտված, դատապարտված է եղել նաև սպանված Ա. Հարությունյանը: