Հոկտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին:

 

Ոստիկանության պետը շնորհավորեց Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոններ ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթեց աշխատանքի նոր բնագավառում:
Վլադիմիր Գասպարյանն այնուհետև ներկայացրեց ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին:

 

Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց վաստակած հանգստի անցնող՝ ոստիկանության պետի տեղակալներ Սաշա Աֆյանի և Հովհաննես Հունանյանի գործունեությունը և անդրադառնալով ոստիկանության համակարգում Գլխավոր մասնագետների խումբ ստեղծելու ծրագրին՝ նշեց, որ բոլոր վաստակաշատ սպաները այդ ծրագրի իրագործումով շարունակելու են մնալ շարքում՝ իրենց հարուստ փորձը ծառայեցնելով նոր ոստիկանության ձևավորմանը:

 


Ոստիկանության պետը հավելեց, որ համակարգի նոր հերթափոխը ոչ միայն պատրաստ է կենսագործելու այդ փորձառությունը, այլև լավագույն ավանդույթների իրական ժառանգորդն է, ինչի վկայությունը ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենատն, համակարգում ընդամենը մեկ տարի ծառայող Նարեկ Ստեփանյանի սխրանքն է: Օրեր առաջ երիտասարդ սպան իր կյանքը վտանգելով՝ փրկել է ջրահեղձ լինող աղջնակին: Նարեկ Ստեփանյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով արժանացել է ոստիկանության ամենաբարձր պարգևին՝ «Սխրագործության համար» մեդալի:
Հանդիպման ավարտին Սաշա Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն հայտնեցին իրենց վաստակի գնահատման համար և աշխատանքային հաջողություններ մաղթեցին ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին: