Ադրբեջանում հոկտեմբերի 18-ը նշվում է որպես Պետական անկախության օր: 1991թ. այս օրը Արբեջանի խորհրդարանը պետական անկախությունը վերականգնող սահմանադրական ակտ ընդունեց: Հոկտեմբերի 18-ը մինչ 2006թ. նշվել է որպես ոչ աշխատանքային օր, սակայն այնուհետև խոհրդարանն այդ օրը հանել է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից: Մինչ այժմ այդ օրվա կապակցությամբ որևէ պետական միջոցառում չի կազմակերպվել: Այդ մասին գրված է ադրբեջանական «Зеркало» թերթում հրապարակված «Տխուր տո՞ն: Ինչո՞ւ մեզ մոտ նախընտրում են որևէ կերպ չնշել Ադրբեջանի պետական անկախության օրը» վերնագրված հոդվածում:

 

Հոդվածի հեղինակը նշում է, որ հոտեմբերի 18-ին ընդունելով սահմանադրական ակտը'Ադրբեջանն իրեն հետնորդ է հայտարարել 1918-1920թթ. Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությանը, «որը կործանվել է բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Ադրբեջանի գրավմամբ»:

 

Սահմանադրական ակտի համաձայն'բոլոր քաղաքացիներին երաշխավորվում է լիարժեք իրավահավասարություն' անկախ ազգային և կրոնական պատկանելիությունից:

 

«Ումիդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Իգբալ Ագազադեն նշել է, որ խորհրդարանում այդ հարցով իր ելույթի ամբողջ ընթացքում ինքն ասել է, որ դա այն ամենն է, ինչին Ադրբեջանն այսօր տիրապետում է, այն ամենն, ինչ նա ունի, հանրապետությունում մեծ շուքով և սիրով նշվող բոլոր տոները կապված են հոկտեմբերի 18-ի հետ:

 

«Ես հաճախ եմ խոսում այն մասին, որ ավելի նպատակահարմար է այդ օրը դարձնել ոչ աշխատանքային: Ցավոք, իշխանությունը նախանձով է վերաբերվում այն ամենին, ինչում չկա նրանց արժանիքը, փորձում են մարդկանց ստիպել մոռանալ այն ամենի մասին, ինչին նրանք չեն մասնակցել: Կարծում եմ'վաղ թե ուշ այդ օրն ամեն դեպքում կստանա իր ճիշտ գնահատականը: Հոկտեմբերի 18-ը հավասար է մայիսի 28-ին'Հանրապետության օրվան: Եթե մայիսի 28-ը հանրապետության հայտարարումն է, ապա հոկտեմբերի 18-ը' այդ հանրապետության վերահաստատումն է, և այդ օրը պետք է նշվի ոչ ավելի պակաս շուքով, քան մյուս տոները: Ցավոք, իշխանության վերաբերմունքը նույնպես փոխում է մարդկանց տրամադրությունը: Մարդիկ շնորհավորանքներ են լսում մեծ մասամբ նրանցից, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ կամ որևէ կերպ կապված են դրա հետ: Բացի այդ, երկրում առկա բազմաքանակ խնդիրները թույլ չեն տալիս զգալ այդ Անկախության օրվա իրական ուրախությունը», -նշել է նա:

 

Քաղաքագետ Արաստուն Օրուջլուն կարծում է, որ այդ հարցը պետք է դիտարկել տարբեր կարևոր պատմական ամսաթվերի հանդեպ ունեցած Ադրբեջանի իշխանության վերաբերմունքի համատեքստում: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր ամսաթիվ իր նշանակությունն ունի: Հարցն այն է, որ առանց 1918թ. մայիսի 28-ի չէր լինի 1991թ. հոկտեմբերի 18: Չէ՞ որ առանց անկախության գաղափարի երբեք հնարավոր չէր լինի կրկին ձեռք բերել այդ անկախությունը: Ադրբեջանն այսօր անկախ է համարվում, և այդ անկախությունը ձեռք է բերվել 1991թ. հոկտեմբերի 18-ին: Դրանք միմյանց լրացնող պատմական ամսաթվեր են. առանց մայիսի 28-ի չէր լինի հոկտեմբերի 18, և եթե չլիներ հոկտեմբերի 18-ը, ապա մայիսի 28-ն այսօր որևէ նշանակություն չէր ունենա», -ամփոփել է նա: