Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը գոհ է 2014 թվականի բյուջեի նախագծով նախատեսված աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունից և համոզված է, որ իրականացվող քայլերը տանում են դեպի ապահով Հայաստան:

 

Նման կարծիք Hayeli.am-ի հետ զրույցում հայտնել է ինքը՝ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի այն հարցին, թե գալիք տարվա բյուջեն որքանով է համապատասխանում ՀՀԿ՝ «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական կարգախոսին: «Ես կարծում եմ, որ կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման այն քաղաքականությունն ու կոնկրետ քայլերը, որոնք նախատեսված են 2014 թվականի բյուջեի նախագծով, լիովին համապատասխանում են «Ապահով Հայաստան» կարգախոսին»,- ասել է պատգամավորը:

 

Անդրադառնալով գործազրկության 18 հազար դրամ նպաստը վերացնելու ՀՀ կառավարության առաջարկությանը, որը ևս ներառված է ՀՀ 2014 թվականի բյուջեի նախագծում, Մինասյանը նշել է, որ այդ գումարներով նոր աշխատատեղեր են ստեղծվելու. «Այն մարդիկ, ովքեր ստանում էին այդ նպաստը՝ առանց աշխատելու, հնարավորություն կստանան աշխատելու և, նպաստի փոխարեն, կստանան աշխատավարձ: Ես կարծում եմ, որ զուտ հոգեբանական առումով շատ ավելի լավ կլինի ստանալ աշխատավարձ, քան թե նպաստ»:
Կայքի հարցին, թե ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձը 18 հազար դրա՞մ է լինելու, քանի որ գործազրկության նպաստը հենց այդքան է, պատգամավորը, փարատելով այս տարակուսանքը, ասել է. «18 հազար դրամանոց աշխատավարձ չի կարող լինել, քանի որ կա նվազագույն աշխատավարձի մասին օրենք, և աշխատավարձը դրանից ցածր լինել չի կարող»:

 

«Նշենք, որ նվազագույն աշխատավարձը սահմանված է օրենքով՝ 45 հազար դրամ: Իսկ թե գործազրկության նպաստը աշխատատեղերով փոխարինելու քաղաքականությունը մոտավորապես քանի՞ տոկոսով կնպաստի գործազրկության մակարդակի նվազմանը, Մինասյանը դժվարացավ նշել»,-գրում է կայքը և մեջբերում. «Միանշանակ կնվազի գործազրկությունը, բայց կոնկրետ ինչքան՝ դժվարանում եմ ասել»:

 

Գագիկ Մինասյանը դժվարացել է նշել նաև, թե այժմ գործազրկությունը քանի տոկոս է կազմում: Պատգամավորը նշել է միայն, որ իր համար հիմք են պաշտոնական տվյալները՝ որքան գրված է, այդքան էլ կազմում է:

 

Նշենք, որ 2014 թվականի բյուջեի նախագծով՝ հունվարի 1-ից բարձրանալու են կենսաթոշակները՝ 15 տոկոսով, իսկ հուլիսից բարձրանալու են քաղաքացիական ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերը:

 

ՀՀ նախագահի աշխատավարձը կբարձրանա 203%-ով և այժմյան 436 հազար դրամի փոխարեն՝ կսահմանվի 1 մլն 323 հազար դրամ, վարչապետինն ու ԱԺ նախագահինը կբարձրանան 218%-ով՝ այսօրվա 373 հազար դրամից հասնելով 1 մլն 190 հազար դրամի:

 

Շուրջ 200 տոկոսով կբարձրանան նաև պատգամավորների ու նախարարների աշխատավարձերը՝ կազմելով մոտ 800 հազար դրամ՝ այժմյան 300 հազարի փոխարեն: Պետական և քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը, խոստացված 100 տոկոսի փոխարեն, կբարձրանան ընդամենը 40 տոկոսով, այն էլ ոչ թե հունվարից, ինչպես այդ մասին հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը, այլ հուլիսից: