Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը:
Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում կարևորել տարբեր մակարդակի փոխայցելությունները: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2011թ. Նախագահ ՍերԺ Սարգսյանի Մարսել կատարած այցը և գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը, որը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամական սերտ կապերի վրա, շարունակաբար զարգանում է գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային:
Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր վերապահելով ապակենտրոնացված համագործակցությանը' Հանրապետության Նախագահն ընդգծել է վերջին տարիներին այդ ուղղությամբ իրականացվող արդյունավետ աշխատանքը և վստահություն հայտնել, որ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: Նախագահի խոսքով, Հայաստանի և Ֆրանսիայի շրջանային ու քաղաքային իշխանությունների միջև ակտիվ երկխոսության և փոխայցերի շնորհիվ կյանքի են կոչվում բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Մարսելի սենատոր-քաղաքապետը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է այցի օրերին Երևանում ունեցած իր հանդիպումների արդյունքները այդ թվում' մի շարք ոլորտներում ստորագրված համաձայնագրերը, որոնք, նրա խոսքով, կնպաստեն այդ ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը:
Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչը վստահաբար կնպաստի հայ-ֆրանսիական գործարար նոր կապերի հաստատմանն ու Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը:
Հանդիպմանը Ժան-Կլոդ Գոդենը ողջունել է նաև Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը: