ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսպանական «Riegos Levante Hellin» և «INGESAgua» ընկերությունների ներկայացուցիչներ Անտոնիո Մոնտոյա Վիլլենային և Խավիեր Թունոն Վալլադարեսին:

 

Այդ ընկերությունները զբաղվում են ոռոգման կաթիլային համակարգերի, պոմպակայանների, հիդրավլիկ մեքենաների և ֆիլտրման համակարգերի, ջրամբարների կառուցման, ինչպես նաև հակակարկտային պաշտպանիչ ցանցերի հետ կապված ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ:

 

Ընկերությունները ցանկանում են գործունեություն ծավալել նաև Հայաստանում, քանի որ վերջին տարիներին այստեղ ևս կարևորում են նոր տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում:

 

Նախարարը ողջունել է հյուրերին և նշել է, որ կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային ցանցերի շահագործումը խիստ արդիական է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում ոռոգման ջրի կորուստների և կարկտահարության հետևանքով: Բացի այդ, հանրապետությունում զարգանում է պտղաբուծությունը և խաղողագործությունը, ինչը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում: Նախարարն առաջարկեց նաև իսպանացի գործարարներին ուսումնասիրել կաթիլային ոռոգման սարքավորումների և հակակարկտային պաշտպանիչ ցանցերի Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությունը:

 

Հանդիպման ավարտին ընկերության ներկայացուցիչները նշել են, որ առաջիկայում կուսումնասիրեն Հայաստանի գյուղատնտեսության հնարավորությունները և կոնկրետ առաջարկներով հանդես կգան: