Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին գաղտնալսման սարքավորումներ է նվիրել, և, որ այսուհետ ՀՀ ոստիկանությունն ավելի կվերահսկի մեր բոլորիս անձնական կյանքը: Այսօր' հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով այս տեղեկությունը' «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն ասաց, որ ՀՀ ոստիկանությունն օրենքի շրջանակներում իրավասու է վերահսկել քաղաքացիների տվյալները և գաղտնալսումներ իրականացնել: Հայաստանում գաղտնալսումներ իրականացվում են ռուսական և ամերիկյան սարքավորումներով, քանի որ մեր երկիրը նման սարքեր չի արտադրում: 

 

«Ես կարծում եմ, որ այդ լրատվությունը տեղեկատվություն չի պարունակում, անիմաստ տեղեկատվություն է, պարզապես առաջացրել է հետաքրքրություն այս հարցի նկատմամբ, որովհետև Հայաստանը, անգամ, եթե ցանկություն ունենա ինչ-որ սարքավորում արտադրել և օգտագործել, ապա պետք է օգտագործի այլ երկրների արտադրանքը, որովհետև մեզ մոտ չեն արտադրվում նման սարքեր»,- ասաց Գ. Սաղյանը: Նրա խոսքով' ցանկացած գաղտալսման սարք իրենից ներկայացնում է համակարգիչ և ծրագրային ապահովում, որոնք կարող են ապահովել այսօրվա պահանջների, խնդիրների լուծումը, իսկ նման համակարգիչներ արտադրվում են շատ քիչ երկրներում'Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Անգլիայում և այլուր:

 

«Հայաստանում Ոստիկանությունը և իրավապահ մարմինները գործում են օրենքի շրջանակներում, իսկ օրենքում հստակ սահմանված է, որ օպերատորները պետք է հնարավորություն տան իրավապահ մարմիններին՝ հասանելիություն ստանալ այն տեղեկատվությանը, որը հոսում է ցանցերով»,- ասաց Գ. Սաղյանը' ավելացնելով, որ այդ ամենն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Ըստ բանախոսի, սակայն, այլ երկրներում Ոստիկանությունը հարցումով է դիմում օպերատորին՝ պատասխան ստանալու համար, իսկ Հայաստանում պարզապես պահանջվում է ստեղծել հասանելիության հնարավորություն, այսինքն'Ոստիկանությանը երբ անհրաժեշտ լինի՝ կկարողանա ուղղակի վերահսկել: Ըստ Գ. Սաղյանի' սա է հիմնական տարբերությունը նախկին Խորհրդային Միության մաս կազմող երկրների և արևմտյան երկրների միջև: