Գերմանիայի հարկային ծառայությունը Մյունխենում հայտնաբերել է 1.5 հազար կտավներից բաղկացած հավաքածու, որը 1930-1940թթ. գողացել էին նացիստները: Հավաքածուի արժեքը գերազանցում է 1 մլրդ եվրոն. գրում է BBC-ն: Հավաքածուն պարունակում է այնպիսի հայտնի գեղանկարիչների գլուխգործոցներ, ինչիպիք են Պաբլո Պիկասոն, Մարկ Շագալը, Անրի Մատիսը: Հավաքածուն հայտնաբերվել էր դեռևս 2011-ին, սակայն դրա վրա լույս է սփռվել միայն այժմ: Հարկային ծառայությունները հետաքրքրվել էին Կորնելիուս Գուրլիթ անունով մի կոլեկցիոների գործով, ում կասկածում էին հարկերից խուսափելու մեջ: Տան խուզարկության արդյունքում Մյունխենի նրա տանը հայտնաբերվել է 1.5 հազար կտավներից բաղկացած հավաքածուն:

 

Գուրլիտն անօրինական ճանապարհով վաճառում էր այս կամ այն կտավը, երբ գումարի կարիք էր ունենում: Կտավներից առնվազն 200-ը 60 տարի շարունակ միջազգային հետախուզման մեջ էին գտնվում:

 

Արվեստի այս գործերն առգրավվել էին նացիստների կողմից 1930-1940թթ. ընթացքում հիմնական հարուստ հրեական ընտանիքներից: Իսկ մի մասն էլ պիտակվել էր իբրև հետադիմական արվեստ և կալանքի տակ վերցվել: Այժմ հարկային ծառայությունը փորձում է պարզել, թե ինչպես է հավաքածուն հայտնվել կոլեկցիոների ձեռքում: