Այսօր Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից վերաառաջադրված Իշխան Զաքարյանը հանդիպեց ՀՅԴ խմբակցության հետ: 168.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնել է, թե իրենք Իշխան Զաքարյանին հարցեր չեն ուղղել, լսել են վերջինիս մոտեցումները, որովհետև ծանոթ են նրա աշխատանքին:

 

«Ըստ կանոնակագի նախատեսված է, որ թեկնածուն պետք է հանդիպի բոլոր խմբակցությունների հետ։ Թեև մենք Իշխան Զաքարյանին ճանաչում ենք, հատուկ հանդիպման կարիք չկար, բայց քանի որ արարողակարգը պահանջում էր՝ հանդիպեցինք: Մենք ասացինք, որ ուրախ ենք իր համար, որ նախագահը նորից վստահել է իրեն այդ գործը:

 

Լսեցինք իր մոտեցումները, որոշ հարցեր քննարկեցինք՝ կապված ՎՊ օրենքի հետ, և հաջողություն մաղթեցինք պարոն Զաքարյանին՝ համոզված լինելով, որ քաղաքական մեծամասնությունը աշխատելու հնարավորություն Զաքարյանին միաձայն տալու է: Ինչպես ասացի, նա ներկայացրեց իր մոտեցումները, լսեցինք: Գիտեք՝ շատ վարժ է խոսում: Մենք հիմնականում լսել ենք իրեն, հարց տալու կարիք չունեինք, իրեն անձամբ ճանաչում էինք, իր աշխատանքը տեսել ենք»,- շեշտել է Աղվան Վարդանյանը:

 

Լրատվամիջոցի  դիտարկմանը, թե կարծես դրական եք տրամադրված Իշխան Զաքարյանի նկատմամբ, ՀՅԴ խմբակցության ղեկավրը պատասխանել է. «Իմ տրամադրվածությունը որևէ կերպ չեք կարող գուշակել: Ես ասացի, որ մենք ուրախ ենք իր համար, որ նախագահը նորից վստահել է իրեն ՎՊ նախագահի պաշտոնը»:

 

 Ինչ վերաբերում է ՀՅԴ դիրքորոշմանը, ապա Աղվան Վարդանյանն ասել է, թե իրենք երկուշաբթի խմբակցության նիստ կհրավիրեն և կկայացնեն վերջնական որոշում՝ կո՞ղմ են քվեարկելու թեկնածությանը, թե՞ դեմ: