Ուրախ եմ, որ գրեթե մեկ շաբաթ առաջ ավտոկայանատեղիի տուրքի վճարմանը վերաբերող իմ հրապարակային հարցադրմանը երկար-բարակ մտածելուց հետո պատասխանել է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան' Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ում եւ հասցեագրված է եղել այն: Սակայն, անհասկանալի է պարոն փոխքաղաքապետի պատասխանում տեսանելի սրտնեղածությունը, որի պատճառը հարցադրմանս «մատուցման որակն» է, «հրապարակային դիմելաձեւը», իմ «մտքերը եւ օրենքի մեկնաբանությունները», որոնք պարոն Նիկոյանի համար «մտավարժանք» են, «օրենքի ամբողջական տրամաբանությունից յուրօրինակ ծաղկաքաղ» կամ «հերթական ապատեղեկատվություն»: Դեհ, ինչ, ճաշակի հարց է. ընդդիմության կամ ընդդիմախոսի սուր հարցադրումները երբեք հաճելի չեն լինում, հատկապես, երբ դրանք մերկացնում են սուտը եւ խնդրո առնչության Երեւանի քաղաքապետարանի ստեղծած անհեթեթ վիճակը:

 

Առավել հակված եմ կարծելու, որ անցած 1 շաբաթվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանում պատրաստվել է պատասխանի նախագիծը եւ ապա հրապարակվել պարոն փոխքաղաքապետի անունից: Առարկություն չունեմ, սակայն մեկ բարեկամական խորհուրդ պարոն Նիկոյանին. մի թողեք, որպեսզի այլոք Ձեր անունից հրապարակեն իրենց սրտնեղած, սուտը անհաջող քողարկող տեքստերը:

 

Իսկ այժմ ըստ էության.

 

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերաշարադրումը Ձեր պատասխանի մեջ, նման հնարանքներով բուն հարցից ուշադրությունը շեղելը ամենեւին չեն փրկում իրավիճակը: Հանրության կողմից բարձրացված հարցադրումը, որ հնչեցվել է իմ կողմից թե’ Երեւանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստում, թե’ նույն օրը երեկոյան' Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակային տեսքով, հետեւյալն է եղել. «Ո՞ւմ եւ ի՞նչ ծառայություն է մատուցում «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ–ը», եթե ավոտկայանատեղիի վայրը «համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները եւ հրապարակներն են» (հոդված 1-ի 2-րդ մաս), ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպում է համայնքի ղեկավարը կամ համայնքային ենթակայության կազմակերպությունը (հոդված 3-ի 1-ին մաս), պարտադիր տուրքը համայնքային բյուջե է գանձվում քաղաքային իշխանության միջոցով, ասել է, թե' հարկատուների միջոցներից աշխատավարձ ստացող հանրային ծառայողների միջոցով, սակայն գանձույթի առյուծի բաժինը գնում է մասնավոր կազմակերպության գրպանը, ով չի կարողանում հիմնավորել, թե ի՞նչ ծառայություն է մատուցում, ավելի ստույգ' հայտարարել է, թե քաղաքացուն ծառայություն չի մատուցում»: Ի պատասխան իմ այս հարցադրմանը (պարզվում է, օրենքների դրույթների վրա հղումը Ձեզ համար մտավարժանք է, ծաղկաքաղ կամ ապատեղեկատվություն), Երեւանի ավագանու 31.10.2013թ. նիստում դուք ավելի խորացրեցիք իրավիճակը եւ հայտարարեցիք, թե ««Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ–ը» ծառայություն է մատուցում քաղաքապետարանին»: Այսքանից հետո, ցանկացած բանական մարդու մոտ հարց է ծագում' իսկ ինչո՞ւ են այդ ծառայության դիմաց վճարում այլոք:

 

Ես հասկանում եմ, թե ինչո՞ւ եք խուսափում այն հարցից, թե ինչո՞ւ են Երեւանի ավագանու ՀՀԿ-ական մեծամասնությունը/քաղաքապետը 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 551-Ա որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը վերապահվել իրավաբանական անձի (հոդված 3, 2-րդ մաս), տվյալ պարագայում' «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ–ը, այն դեպքում, երբ օրենքի ամբողջական տրամաբանությունը դրա առաջնային իրավունքը եւ իրավասությունը դնում է Երեւան համայնքի ղեկավարի կամ համայնքային ենթակայության կազմակերպության վրա (հոդված 3, 1-ին մաս): Վերստին նկատեմ, որ դա առավել տրամաբանված ու հասկանալի կլիներ, քանի որ ավտակայանատեղիի վայրը համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները եւ հրապարակներն են, որոնք կառուցվում, նորոգվում կամ հիմնանորոգվում են համայնքային բյուջեի միջոցներով, պարտադիր տուրքը համայնքային բյուջե է գանձվում քաղաքային իշխանության միջոցով, իսկ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ–ը ընդամենը կարմիր գծանշումներ է կատարել համայնքին' երեւանցուն պատկանող փողոցներում ու հրապարակներում, վահանակներ զետեղել եւ որոշ վայրերում տեղադրել տեսախցիկներ…

 

Օրենսդիրը, որի կազմում, իրավացի եք, եղել եմ նաեւ ես 2007-2012թթ., «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը 23.06.2011 ընդունելիս առաջնորդվել է այն գաղափարով, որ առաջին հերթին այս ամենը պետք է իրականացնի Երեւան համայնքի ղեկավարը կամ համայնքային ենթակայության կազմակերպությունը, եւ նոր միայն, բավարար եւ սպառիչ հիմնավորումների դեպքում այդ իրավասությունը ավագանու որոշմամբ «կարող է վերապահվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»: Ավագանու անդամը կամ քաղաքացին մեղավոր չեն, որ Դուք հիմնավորում չունեք, թե ինչո՞ւ այդ իրավասությունը չի իրականացնում համայնքային իշխանությունը, եթե այս գործում ներդրված ակտիվների ու ռեսուրսների մեծ մասն իրենը կամ համայնքինն է, բայց որ ավելի զավեշտալի է, հիմնավորում չունեք, թե ինչո՞ւ եք այն վերապահել իրավաբանական անձին, այն էլ' նման պայմաններով, ըստ որում, կարծում եմ, տեղյակ լինելով թե ի՞նչ քաղաքական-պետական դեմքերի անվան հետ է կապվում այդ կազմակերպությունը…

 

Քաջություն է պետք ունենալ խոստովանելու, որ մենք բոլորս ուղղակի վճարում ենք այդ կազմակերպության գերհարստացման համար, որի գանձապահի ու մենեջերի դերը, ցավալիորեն ստանձնել է Երեւանի քաղաքապետարանը: Ցավով եմ հիշում, թե ինչպես Ձեր քաղաքական թիմը' ՀՀԿ-ը, Երեւանի ավագանու ընտրությունները հանրությանը մատուցում էր իբրեւ «լավ մենեջերի» ընտրություն: Խոստովանեմ, թերեւս շատ անկեղծ եք եղել թիմով, կանխավ հայտարարելով, որ կառավարելու եք գրասենյակ, այլ ոչ թե իրականացնելու եք տեղական ինքնակառավարում' համայնքի ու նրա բնակչի շահերից ելնելով: Այլապես Ձեր բոլոր պատասխաններում, ուղղակի թե անուղղակի, չէիք ստանձնի երեւանցուն հանրային ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների փաստաբանի անհաջող եւ անպատվաբեր դերը: Նույն տրամաբանությամբ Ձեր թիմակից նախորդներն են հասարակական տրանսպորտի կազմակերպումը գրեթե ամբողջությամբ վերապահել մասնավորին' իրավաբանական անձանց, բոլորիս դարձնելով նրանց պատանդը, ինչի արդյունքում' ոլորտը հասցրել եք աղետի եզրին եւ այսօր անգամ Դուք եք դա խոստովանում: Իսկ դրա պատճառը Երեւանի քաղաքային իշխանությունների' սեփական պարտականություններից ու իրավասություններից հրաժարվելն է եղել, ինչը անում եք նաեւ ավտոկայանատեղիների կազմակերպման հարցում, այս ոլորտում էլ երեւանցուն դարձնելով մի կազմակերպության քմահաճույքների եւ գերհարստանալու ախորժակի զոհը' Երեւանի բյուջեն էլ զերծ պահելով օրինավոր եկամտի լուրջ աղբյուրից:

 

Այդուհանդերձ, գոհունակություն եմ հայտնում հրապարակային բանավեճի մեջ մտնելու Ձեր պատրաստակամության կապակցությամբ եւ ակնկալում ոչ թե խնդիրը շեղող, այլ ըստ էության պատասխաններ ավագանու անդամի եւ երեւանցու բարձրացված հարցերին:

 

Լավագույն ցանկություններով'
Ստյոպա Սաֆարյան

 

Երեւան քաղաքի ավագանու անդամ,
«Բարեւ Երեւան» խմբակցություն

 

7 նոյեմբերի 2013թ.,
Ք. Երեւան