Լոռիում 57-ամյա Լեւոն Ա.-ն 2 անգամ դանակով հարվածել է կնոջ ուսին: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

 

Գործի նյութերի համաձայն՝ 57-ամյա Լեւոն Ա.-ն, հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում կնոջ' Սիրանուշ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել է առողջության տեւական քայքայումով միջին ծանրության վնաս' իր մոտ նախապես առկա դանակով 2 անգամ հարվածել է վերջինիս ձախ հարականջային շրջանին եւ ձախ ուսին:

 

Քրեական գործ է հարուցվել 113 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ): Սույն հոդվածը պատժվում է կալանքով' 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ' առավելագույնը 3 տարի ժամկետով:

 

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: