Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», փաստաբանն այսօր կայցելի նրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանական դպրոցի տնօրեն, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Նա այժմ ուղեւորվել է Կոտայքի մարզի դատախազի մոտ, որպեսզի տեսնի, թե ինչ է եղել ձերբակալման որոշումը փոխելու իր բողոքի պատասխանի հետ, որը թեեւ պատրաստ էր օրեր առաջ, բայց նրան դեռ չեն փոխանցել: Դրանից բացի՝ Նիկոլայ Բաղդասարյանն այսօր դատախազին քննիչին բացարկ հայտնելու դիմում է ներկայացնելու: Այսօր Վերաքննիչ դատարան կհանձնեն նաեւ Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշումը փոխելու բողոքը: Փաստաբանը դիմումներ է գրել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, մի շարք եվրոպական կառույցներին, ինչպես նաեւ Ֆրանսիայի դեսպանատուն: Նա նշեց, որ կալանավորման որոշումը պայմանավորել են այն հանգամանքով, թե Վարդան Պետրոսյանը չի տվել իր ֆրանսիական անձնագիրը, մինչդեռ այդ անձնագիրը Ֆրանսիայի պետության սեփականությունն է, ինչպես ՀՀ անձնագիրը՝ ՀՀ-ինը, եւ դա անօրինական պահանջ է:

 

Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններին՝ ստանալու վթարի մասին եզրակացություն, այժմ մասնագետները աշխատում են, եւ եթե եղանակային պայմանները թույլ տան, շուտով հանրությանը կներկայացնեն վթարի մասին ողջ իրականությունը՝ 3D մոդելավորված տարբերակի միջոցով:

 

Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի կողմից արված փորձագիտական եզրակացությանը, փաստաբանն ասաց, որ փորձագետները որոշակի քաջություն դրսեւորել են որոշ հարցերի վերաբերյալ եւ օբյեկտիվ կետեր ներկայացրել են: Փորձաքննության հետազոտական մասում օբյեկտիվ պատկեր կա, բայց հետեւողական մասը իրարամերժ է, ինչը պարզ է նույնիսկ ոչ մասնագետի համար:

 

Նիկոլայ Բաղդասարյանը տեղյակ է, որ ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է միջնորդությամբ հանդես գալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նա վստահ է, որ այս ամենը իր արդյունքը կտա: Փաստաբանը հույսեր է կապում Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ՝ նշելով, որ իր կարծիքով, եթե նրան օբյեկտիվ զեկուցեն վթարի մասին, ապա Վարդան Պետրոսյանի կալանքի որոշումը կփոխվի մինչեւ վերաքննիչ բողոքի լսումը:

 

 

Մանրամասները` այստեղ