Օրերս ամփոփվեցին «National Geographic Traveler» ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմակերպված լավագույն զբոսաշրջային ուղղության մրցույթի առցանց քվեարկության արդյունքները:

 

Արդյունքում Հայաստանը հաղթող ճանաչվեց «Տարվա հայտնություն» անվանակարգում:

 

Սույն տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ զբոսաշրջության խթանման ուղղությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ ռուսաստանյան շուկայում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից:

 

Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին, ՀԱՄՀ հրավերով ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում էր հյուրընկալվել «National Geographic Россия» ամսագրի խմբագրակազմը: Այցի արդյունքում «National Geographic Россия» և «National Geographic Traveler» ամսագրերում հրապարակվել են Հայաստանին նվիրված հոդվածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք:

 

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի

 

Հանրային կապերի գրասենյակ