ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադարձավ նոր ՀԴՄ սարքերի գնման գործընթացին՝ այն որակելով անհասկանալի վիճակ և մի քանի դիտարկում արեց։
«2013 թ.-ի հունիսի 27-ի որոշմամբ սահմանվում է ՀԴՄ-ների նոր՝ օգտագործման համար թույլատրելի՝ ՄՍ 23-51 մոդելի բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենան: Օգոստոսի 31-ի որոշմամբ ներմուծվում են ՀԴՄ-ների նոր տեխնիկական պահանջները, որոնք մասնագետների կարծիքով՝ տարօրինակ զուգադիպությամբ ճիշտ և ճիշտ համընկնում են վերը նշված ՀԴՄ-ի տեխնիկական բնութագրիչներին, ապա մեկ ամիս անց կառավարությունը ընդունել է որոշում, որով փաստորեն հարկ վճարողներին պարտավորեցնում է 2013թ.-ի նոյեմբերի մեկից սկսած գնել ՄՍ 23-51 մոդելի բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենան»,– ասաց նա:
«Ընկերության կայքում կան ՄՍ 23 սերիաների տարբեր մոդելներ, բայց օ՜ զարմանք բացակայում է ՄՍ 23-51 մոդելը: Բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ փորձել են գնել այդ սարքը վերոհիշյալ ընկերությունից, սակայն ստացել են պատասխան, որ այդ սարքի հիսուն հազարանոցպատվերը եղել է էքսքլյուզիվ միայն մի ընկերության համար»,– ավելացրեց պատգամավորը:
Խմբակցության ղեկավարը նկատեց, թե Հայաստանում այդ սարքը վաճառվում է Պետեկամուտների կոմիտեի կողմից տարբեր տրամաչափի բիզնեսների համար 150-200 հազար դրամով և նշեց, որ նույն գործառույթներով սարքերը կարելի է գնել Չինաստանից միայն 30 դոլարով:
«Ստացվում է, որ Կառավարության որոշումների շնորհիվ ինչ-որ առեղծվածային հայկական ընկերություն ստացել է ՀԴՄ շուկայում մոնոպոլիայի իրավունք և գործարարների վրա դրվում է 20-30 մլն դոլարի բեռ, որը որպես գերշահույթ կստանա այդ առեղծվածային ընկերությունը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սա ակնհայտ կոռուպցիոն գործարք է, որը ՀՀ բնակչության հաշվին հարստացում է մերձավորներին:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հավատացրեց, թե որևէ առեղծվածային ընկերություն չկա. «Դա պետական ՊՈԱԿ է, չկա որևէ առեղծվածային մասնավոր ֆիրմա, և պետությունը պատվեր է տվել այդ ընկերությանը»:
Նախարարի խոսքով՝ եթե հնարավոր լիներ նման տեխնիկական բնութագրերով ձեռք բերել ավելի էժան գնով, ապա որևէ սահմանափակում չէր դնի այդ հարցում:
Պատասխանը Լևոն Զուրաբյանին չգոհացրեց. «Որ ասում եմ անհեթեթ պատասխաններ եք տալիս՝ նեղանում եք: Կոնկրետ բան է ասված՝ կառավարությունը սահմանել է հենց այնպիսի տեխնիկական բնութագրիչներ, որ այլ սարք հնարավոր չլինի գնել: Ավելին՝ այդ սարքի մոդելը, որը կառավարությունը հաստատել է, անգամ չկա այդ ընկերության կայքում և որևէ գործարար չի կարողանում գնել այն: Իսկ Դուք ասում եք՝ եթե կարող են ավելի էժան: Կառավարությունը թույլ չի տալիս ավելի էժան սարք առնել»:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարը նկատեց, որ այդ ընկերությունը չի բացահայտում, թե հայկական որ ընկերությունն է գնել իրենց այդ սարքը. «Հիմա Դուք ինձ ուզում եք համոզել, որ դա եղել է պետությո՞ւնը» և դրական արձագանք ստանալով, շարունակեց. «Շատ լավ, այդ դեպքում, ինչո՞ւ է այդ գործարքն այդպես կատարվել, որ 20-30 տոկոս բեռ է ընկնում գործարարների ուսին»։
Նախարարն էլ արձագանքեց, թե կա էքսկլյուզիվ պատվեր ՀՀ կողմից, և շնորհիվ պատվերի քանակի գինը նվազել է: Նա նաև նշեց, որ եթե լինի որևէ մեկ սուբյեկտ, որը կկարողանա արտադրել, ներմուծել նման տեխնիկական բնորոշիչներով սարք մեկ այլ ընկերությունից, որևէ սահմանափակում չի դրվի: