Հայաստանն իր սահմանափակ միջոցներն ավելի ռացիոնալ է օգտագործում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանը, ըստ Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ «Սպառազինությունների ինդեքս-2013» զեկույցի համաձայն աշխարհում 4-րդ ամենառազմականացված երկիրն է 149 երկրների շարքում, իսկ Ադրբեջանն այս ցուցակում Հայաստանի բավական հետ է, այն դեպքում, երբ նույն Ադրբեջանը բազմիցս հայտարարում է, թե իրենց միայն ռազմական բյուջեն Հայաստանի ամբողջ բյուջեի չափ է։
«Հայաստանի Հանրապետությունն անվտանգության ապահովման խնդիր ունի, այսինքն՝ կան արտաքին սպառնալիքներ, որոնք մեզ համար ունեն անընդհատ բնույթ։ Տեսանելի ապագայում այդ մարտահրավերները չեն վերանա, հետևաբար, պետության ռազմական ծախսերն ուղիղ համեմատական են այն արտաքին մարտահրավերներին, որոնք առկա են»,– ասաց նա։
«Մենք մեր միջոցներով ձեռք ենք բերում այնպիսի սպառազինություն, որն ինչպես ասում են, անթույլատրելի վնաս կհասցնի թշնամուն։ Խոսքը ճշգրիտ սպառազինության մասին է, հակաօդային պաշտպանության ժամանակակից սպառազինությունների մասին է, այսինքն՝ սպառազինություն ենք ձեռք բերում, որով Ադրբեջանին կարող ենք հասցնել շոշափելի վնաս»,- ասաց Ջամալյանը։
Փորձագետը նաև նշեց, որ այլ հարց է, թե ինչ ռազմավարություն է ընտրել հայկական կողմը։ «Բանակի զարգացման ռազմավարությունն ընտրել է մի շատ կարևոր բանաձև՝ «փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել», այսինքն՝ մենք սահմանափակ ռեսուսներով երկիր ենք, բայց նորարարական, ինովացիոն լուծումներով ենք սպառազինում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինության մրցավազքին, ապա Դավիթ Ջամալյանը հիշեցրեց, որ ռազմական մեծ բյուջեն դեռ չի նշանակում ուժեղ բանակ։
«Այո՛, Ադրբեջանի ռեսուրսները բավական մեծ են նավթի հաշվին և այդ պետությունը կարող է իրեն թույլ տալ, որ ծախսի իր պետության ռազմավարության վրա, բայց մի շարք գործոններ կան, որոնք թույլ չեն տալիս, որ անգամ այդ գումարներն ունենալով, Ադրբեջանը մեր նկատմամբ ձեռք բերի ռազմական գերազանցություն։ Չեմ թերագնահատում թշնամուն, բայց ասել, որ նյութական միջոցները էֆեկտիվ, հարձակվողական, երաշխավորող են ռազմական ոլորտում՝ սխալ կլիներ»,- նշեց նա և խոսեց կոնկրետ օրինակներով։
«Արցախի պաշտպանության հրամանատարական կազմը բաղկացած է երիտասարդ կադրերից, որոնք 15-16 տարեկանից ձեռքները զենք են վերցրել, դրան էլ գումարած հաղթողի հոգեբանության կրող են, նախաձեռնող ու համարձակ։ Այս չափանիշը մեծ դեր ունի, նման հրամանատար ես ուղարկում այսօր դիրքեր, ինչը լրջագույն գործոն է մարտունակություն ապահովելու հարցում։ Առաջին գծում անցնել-գալը օրվա աշխատանքն է, այսինքն մեր բանակի հրամկազմի համար խրամատը դարձել է աշխատանքի միջավայր»,- նշեց նա։
Անդրադառնալով ՀՀ սահմանին անընդհատ հնչող կրակոցներին, հատկապես Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, Դավիթ Ջամալյանն ասաց, որ դա Ադրբեջանի վերնախավի գործելաոճն է դարձել, ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ-ի սահմանին՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե իրենց խնդիրը Հայաստանի հետ է։ Ըստ Դավիթ Ջամալյանի՝ դրանից բացի այլ քայլերի Ադրբեջանը չի դիմի, քանի որ լավ գիտի՝ «պատասխանը կլինի կտրուկ և բավական ցավոտ»։