Այսօր աշխարհի 120 երկրում նշում են «Beaujolais Nouveau» տոնը: Արդեն երկրորդ անգամ տոնը նշում են նաև Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

 

Նրա խոսքով՝ Ֆրանսիայում տոնակատարությունների մեկնարկը տրվում է Բոժո քաղաքում, որտեղ գինեգործների երթ է տեղի ունենում՝ ավանդական հագուստներով և խաղողի վազից պատրաստված ջահերով: Այս տոնը Ֆրանսիայում մեծ ժողովրդականություն վայելող հանդիսություն է:


«Beaujolais Nouveau»-ը բացառիկ ֆրանսիական գինի է, որը պատրաստվում է Լիոնից ոչ հեռու` սարահարթային վայրերում, որն ամենահին գինեգործական ավանդույթներ ունեցող վայրերից է: Գինու արմատները հասնում են մինչև միջնադար:

 

Գինին իր անվանման համար «պարտական է» Լյուդովիկոս 11-րդի դստերը` արքայադուստր Աննային` նրա գեղեցկության համար (Beaujolais` թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ»):

 

Այս գինին պատրաստելուց հետո պետք է անմիջապես օգտագործել: 1951-ից սկսած այն հանդես է գալիս պիտակավորված տարբերակով, և վաճառքի բացթողնման ժամկետը ևս խստագույն պահպանվում է. այն վաճառքի է հանվում յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 3-րդ հինգշաբթի օրը: Սրճարաններում ու ռեստորաններում փակցվում է փոքրիկ պաստառ, որն ազդարարում է գինու մուտքը»,-ասաց Ռենոն:

 

Դեսպանի խոսքերով` տոնակատարության «մեղավորները» երեք կազմակերպություններ են` Saberatours-Sevan, Europe Hotel և Executive Travel ընկերությունները:


Մանրամասները` տեսանյութում.