Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այցի առաջին կանգառը մարզի Պեմզաշեն համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցել է վերակառուցված մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Վարչապետը շրջել է սենյակներով, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին ու հարմարություններին, զրուցել և լուսանկարվել փոքրիկների հետ: 1960 թ. կառուցված մանկապարտեզի շենքի վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքն է 76.171.019 ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են «Շինկարկաս» ՍՊԸ-ի կողմից, մեկնարկել են 2012 թ. նոյեմբերին և ավարտին հասցվել 2013 թ. օգոստոսին: Պեմզաշեն համայնքի մանկապարտեզի շենքի վերաբացմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:
Պեմզաշենից ուղևորվելով Շիրակի մարզկենտրոն Գյումրի՝ գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել Գյումրու տեխնոպարկի տարածքում, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ շինաշխատանքների հիմնական մասն արդեն իրականացվել է, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման:
Հաջորդիվ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրիում բացված ռուսական գրքի տուն, որը ծառայում է որպես գրքի վաճառքի ու մշակութային կենտրոն և ունի հայ-ռուսական մշակույթին ու պատմությանն առնչվող մեծածավալ գրականություն: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է կենտրոնի գործունեությամբ, զրուցել սաների հետ, ապա գրառում կատարել հյուրերի համար նախատեսված մատյանում:
Հայաստանի երկրորդ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Սարգսյանը եղել է նաև Գյումրու ՀՀ ԳԱԱ Ա. Նազարյանի անվան երկրաֆիզիկայի և ինժեներիայի Սեյսմաբանության ինստիտուտում, որի կիսակառույց շենքը վերակառուցվում է Գյումրի քաղաքի վերականգնման ծրագրի շրջանակում: Նախագծային լուծումներով շենքն ունի փորձարարական և լաբորատոր աշխատասենյակներ, հանդիսավոր հավաքների և գիտաժողովների համար նախատեսված սրահ, սարքավորումների տեղադրման և շահագործման համար հարմարեցված նկուղային մասնաբաժին: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականին:
Վարչապետն այցելել է նաև Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի և Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքեր, ինչպես նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գյումրի քաղաքի տարածքային բաժին: Այս կապակցությամբ վարչապետը լրագրողներին տեղեկացրել է, որ նշված շինություններ դիտայցի նպատակն է ուսումնասիրել նշված տարածքները՝ պետական գերատեսչությունները ռացիոնալ տեղաբաշխելու և պետական ծառայությունները հասանելի դարձնելու համար:
Կառավարության ղեկավարի այցը Շիրակի մարզ եզրափակվել է Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» ՓԲԸ այցելությամբ, իսկ այնուհետև՝ մասնակցությամբ ճաշատեսակների համտես-ցուցահանդեսին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում: