Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները

 

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Վիլնյուսում Նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

 

***

 

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով «Վիլնյուս կամ հրաժարական» պահանջով այսօր անժամկետ նստացույց էր հայտարարել նախագահի նստավայրի դիմաց, դադարեցրել է պայքարը՝ այն պատճառով, որ իրենց հիմնական պահանջը բավարարվել է:

«Մեր հիմնական պահանջն այն էր, որ նախագահը գնար Վիլնյուս, մասնակցություն լինի Վիլնյուսում: Քանի որ հիմա արդեն դա հստակ է, այդ մի պահանջն ասպարեզից դուրս եկավ, մենք հասանք մեր նպատակին»,-Tert.am-ին ասաց Պարույր Հայրիկյանը:

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք նախագահի մասնակցությունը նշանակում է, որ Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի Եվրամիության հետ, նա պատասխանեց. «Եթե նախագահն է գնում, ապա ստորագրելու ինչ-որ հավանականություն կա, եթե նախագահը չգնար, ստորագրելու բան չէր լինի: Մենք ուզում ենք, որ ինքը ստորագրի, եթե գնացել է, կստորագրի»:

Պարույր Հայրիկյանը նաև նշեց, որ նստացույցը կշարունակի այն դեպքում, եթե վաղը պարզվի, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի գնալու Վիլնյուս:

Նոյեմբերի 29-ին իր հրավիրած հանրահավաքը բոլոր դեպքերում տեղի կունենա:

«Եթե Վիլնյուսում փաստաթուղթ ստորագրի, մենք դա հանրահավաքում կողջունենք, եթե ոչ, կասենք մեր կարծիքներն այդ մասին»,-ասաց նա և հարցին, թե որևէ բան չստորագրվելու դեպքում որո՞նք կլինեն ԱԻՄ առաջնորդի քայլերը, պատասխանեց. «Այդ ժամանակ կլինի նոր իրավիճակ, և մենք կորոշենք հետագա քայլերը»:

 

***

 

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախը (նստավայրը՝ Թբիլիսի):

 

***

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան երեկ քայլերթ է իրականացրել' ազդարարելով Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը:

Այն սկսվում է սկսվել է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և կավարտվի դեկտեմբերի 10-ին' Մարդու իրավունքների միջազգային օրը:

Քայլերթի ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել, որն առաջարկում ենք դիտել ստորև ներկայացված տեսանյութում.

 

 

***

 

Նոյեմբերի 25-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 49-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Րաֆֆու փողոցում գործող իր խանութի ապակին կոտրել են, և հնարավոր է, որ ներսում գող լինի:

Մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցի թիվ 31/1 հասցեում գործող հագուստի խանութի սրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1968 թ. ծնված Գեղամ Ա.-ին:

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Նոյեմբերի 25-ին' ժամը 18.10-ին, ոստկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գետառի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հրաչյա Ա.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գետառի 4-րդ փողոցի թիվ 13 տան բակում վիճաբանել և ծեծի է ենթարկել 1966 թ. ծնված Մարտիրոս Կ.-ին' պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

 

***

 

10 տարեկան Մարտիկին մայրը հազվադեպ է թույլ տալիս դրսում երեխաների հետ խաղալ՝ այդպիսով փորձելով պաշտպանել ոչ թե որդուն, այլ՝ բակի երեխաներին: Փոքրիկ տղան նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունի, գլխին հարվածների բազում սպիներ կան: Հայրն այնքան ու այնպես է ծեծել, որ էպիլեպսիա հիվանդություն է ստացել, հաճախակի ցնցումների մեջ է ընկնում:

Մայրը՝ Գայանեն, պատմում է, որ 4 տարեկան հասակում վիճաբանության ժամանակ հայրն այնպես է երեխայի գլխին հարվածել, որ տղան «ծեփվել» է պատին ու պատն ամբողջությամբ արյունոտվել է: «Դիմեցի Ոստիկանություն, նստել պատը դանակով քերում էր, որ արյան շիթերը մաքրեր: Շատ ա մեզ ծեծել, շատ-շատ: Հիմա, որ հիշում եմ, թե ոնց ենք դիմացել էդ հարվածներին: Երեխայիս գլխին էնքան էր խփում, որ սարքեց հաշմանդամ, ներվային:

4 տարեկան էր, ասեց՝ մամ, գլուխս ուժեղ ցավում ա, ու քիչ հետո տեսնեմ' ուշաթափվել, ընկել ա գետնին: Տարա բժշկի, պարզվեց' էպիլեպսիա ա առաջացել»,- պատմում է 33-ամյա Գայանեն, ով 8 տարեկան հասակում Գյումրիի երկրաշարժից հետո ծնողների հետ փախել է Շամշադին: