Անցյալ տարի Լոռու «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով մեղադրանքը հիմնականում վկաների ցուցմունքներով է առաջադրվել, ըստ որի, երեք անձինք մեղադրվում են մեկ այլ անձի ապօրինի կյանքից զրկելու, դիտավորությամբ նրան խմբով սպանելու մեջ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, թե Սամվել Դիլոյանը, Արեն և Արտակ Վերանյանները դիտավորությամբ, գիտակցելով ու լրացնելով մեկը մյուսի գործողությունները, բազմաթիվ հարվածներ են հասցրել և ի վերջո սպանել Սամվել Շարբաթյանին: Դատարանում, սակայն, գործով անցնող երկու ականատես վկաների' հանգուցյալի քրոջ որդու' Հայկ Ասլիկյանի և հանգուցյալի ընկերոջ'«Մուշ» ռեստորանի սեփականատեր Էդվարդ Խլղաթյանի (որի ռեստորանում տեղի է ունեցել դեպքը) տևական հարցաքննության արդյունքում բացահայտվել է ճշմարտությունը:

 

Հատված ականատես վկա Էդվարդ Խլղաթյանի հարցաքննությունից:

 

Պաշտպան (ընթերցում է մեղադրական եզրակացությունից) - «Շուրջ 5-10 րոպե տևողությամբ սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ տալով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով ու լրացնելով (Սամվել Դիլոյանի մեղադրանքն է) Արտակ և Արեն Վերանյանների գործողությունները, բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներով կոտրելով Շարբաթյանի դիմադրությունը' վերջինիս տապալել են գետնին…». դուք տեսե՞լ եք, որ Սամվել Դիլոյանը, Արտակ Վերանյանը և Արեն Վերանյանը Շարբաթյանին հարվածներով տապալեն գետնին:

 

Վկա- Ես դա չէի էլ կարող տեսնել: Իհարկե չեմ տեսել:

 

Պաշտպան- «Ապա շարունակելով ոտքերով հարվածել նրա մարմնի մասերին, այդ թվում գլխին…», նկատե՞լ եք դուք դա:

 

Վկա- Ոչ, չեմ նկատել:

 

Պաշտպան - «Վիճաբանությանը միջամտած Էդվարդ Խլղաթյանը Սամվել Շարբաթյանից հեռացրել է Սամվել Դիլոյանին, ով… », խնդրում եմ ասեք' Շարբաթյանից հեռացրել է Խլղաթյանը, այսինքն' Ձեր խոսքերից է: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

 

Վկա- Որտեղ որ Սամվել Շարբաթյանի վեճն էր գնում, հենց էդ տարածքից հեռացրել եմ Սամվել Դիլոյանին:

 

Պաշտպան-Այսինքն' տարածքից: Սամվել Շարբաթյանից Սամվել Դիլոյանին Դուք չեք հեռացրել:

 

Վկա-Ոչ: Էդ տարածքից:

 

Մեղադրող-Շարբաթյանի կողմից հայհոյանքներ լսե՞լ եք:

 

Վկա-Լսել եմ:

 

Մեղադրող-Իսկ մնացած տղաներից, մասնավորապես Սամվել Դիլոյանի կողմից հայհոյանքներ լսե՞լ եք:

 

Վկա-Չէ:

 

Մեղադրող- Սամվել Դիլոյանին Սամվել Շարբաթյանին հարվածելուց նկատե՞լ եք:

 

Վկա-Ոչ:

 

Մեղադրող- Արեն Վերանյանին որևէ մեկին հարվածելիս, հայհոյելիս նկատե՞լ եք:

 

Վկա-Չեմ տեսել հարվածելիս:

 

Հատված ականատես վկա Հայկ Ասլիկյանի հարցաքննությունից:

 

Դատավոր- Ձեր վերջնական դիրքորոշումը այն է, որ Ձեր քեռին ինքը առաջինը հարվածեց Արտակի դեմքին:

 

Վկա-Այո:

 

Դատավոր-Ի պատասխան Արտակ Վերանյանը Ձեր ներկայությամբ հարվածե՞ց Ձեր քեռուն, տեսա՞ք այդ պահը:

 

Վկա-Ոչ: Ներս գնալու պահին եմ տեսել, որ հարվածում ա, ու միանգամից ներս եմ գնացել:

 

Դատավոր-Դրսում կանգնած եք Դուք, Դիլոյան Սամվելը, Արտակը Վերանյանը և քեռին: Երկու անձ քաշքշում են իրար, վիճում են, քեռին էլ հարվածեց Արտակին: Իսկ Դիլոյան Սամվելը ի՞նչ էր անում:

 

Վկա-Փորձում էր ազատել:

 

Դատավոր-Ձեր քեռուն չի հարվածել Դիլոյանը:

 

Վկա-Ոչ:

 

Երկու ականատես վկաների դատարանում տված ցուցմունքների համադրությամբ, նաև նրանց նախաքննական ցուցմունքների մանրակրկիտ պարզաբանումներով հիմնավորվել է հետևյալը. դեպքի նախորդ օրը (2012 թ. նոյեմբերի 17-ին) Էդվարդ Խլղաթյանը զանգել է Սամվել Դիլոյանին և հայտնել, որ Վանաձոր է գալիս փաստաբան Սամվել Շարբաթյանը քրոջ աղջկա մասին նրա երկրպագուի' Արտակ Վերանյանի հետ զրուցելու նպատակով: Խլղաթյանն առաջարկել է Դիլոյանին հանդիպում կազմակերպել: Այդ ժամանակ Արեն և Արտակ Վերանյան եղբայրներն ու նրանց ընկեր Սամվել Դիլոյանը Վանաձորի «Էլդորադո» ռեստորանում են եղել, Խլղաթյանին Շարբաթյանի հետ միասին հրավիրել են այնտեղ: Հանդիպումն ու ծանոթությունը կայացել է, զրուցել, պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Արտակը մեկ ամիս չի անհանգստացնի Շարբաթյանի քրոջ աղջկան մինչև վերջինիս հոր Ռուսաստանից վերադառնալը:

 

Շարբաթյանն այդ օրը մնացել է Վանաձորում, գիշերել Խլղաթյանին պատկանող «Մուշ» համալիրում: Չնայած ռեստորանը չի աշխատում, բայց խոհարարն այնտեղ է եղել, և առավոտյան սեղան են պատրաստել: Շարբաթյանի խնդրանքով Խլղաթյանը զանգել ռեստորան է հրավիրել Դիլոյանին և Վերանյան եղբայրներին, Շարբաթյանն էլ քրոջ որդուն' Հայկ Ասլիկյանին է կանչել (ում քրոջը համակրում էր Արտակ Վերանյանը)' նրանց միմյանց հետ ծանոթացնելու համար:

 

Ռեստորանի սենյակում սեղանի շուրջ շատ ջերմ մթնոլորտ է եղել, ընթացքում Խլղաթյանը գուսան է հրավիրել: Ճաշկերույթը շարունակվել է մինչև երեկոյան ժամը 10-ը, որից հետո Շարբաթյանը ցանկություն է հայտնել Երևան վերադառնալու: Խլղաթյանը տաքսի է պատվիրել, բայց Դիլոյանն ասել է, որ անհարմար է քեռուն տաքսիով ճանապարհել: Ինչ-որ մարդկանց են զանգել, պայմանավորվել, որ գան Շարբաթյանին մեքենայով տանեն Երևան: Ապա դուրս են եկել նրան ճանապարհելու: Հրաժեշտ տալիս սենյակում մթնոլորտը հանգիստ, խաղաղ է եղել: Մինչև վերջին պահն էլ Դիլոյանն ու Վերանյանը Շարբաթյանին «քեռի ջան»-ով են դիմել, ուստի Խլղաթյանը, ոչ մի վատ հետևանք չկասկածելով, նրանց հետ դուրս չի եկել ճանապարհելու, գուսանի հետ մնացել է սենյակում:

 

Զրուցելով միջանցքով անցնելով' բակ են դուրս եկել Դիլոյանը, Արտակ Վերանյանն ու Շարբաթյանը (Արեն Վերանյանը դեպքից 2-3 ժամ առաջ արդեն գնացել էր ռեստորանից): Հայկը նրանցից հետ ընկած է գնալիս եղել: Նրանց հետևից դուրս գալով բակ' տեսել է, որ քեռին ու Արտակ Վերանյանը վիճաբանում են: Ինքը Դիլոյանի հետ միջամտել, փորձել է ազատել նրանց: Ապա տեսնելով, թե ինչպես է քեռին հայհոյել ու հարվածել Արտակ Վերանյանի դեմքին' անմիջապես ներս է գնացել Խլղաթյանին օգնության կանչելու:

 

Խլղաթյանն էլ, դուրս գալով, բակում մթության մեջ նշմարել է մարդկանց' մեկին' ընկած, մյուսին' նրա վրա թեքված, երրորդին' մի կողմ կանգնած: Հաղթանդամ մարմնով մյուս կանգնածին մի կողմ է տարել և տեսել, որ Դիլոյանն է: Արդեն լույսի տակ իր դիմաց նկատել է նաև Արեն Վերանյանին: Ընկածի ու նրա վրա թեքվածի գործողությունները մթության մեջ չի կարողացել տարբերակել, բայց նրանց կողմից քաշքշոցի ձայներ է լսել' «ոնց որ բաց ձեռով խփես կոժեննի կուրտկին», փոխադարձ հայհոյանքներ, որոնց մեջ հստակ լսել է Շարբաթյանի ձայնը: Անձամբ Արտակ Վերանյանին վիճաբանության պահին չի ճանաչել, հետո է խոսակցություններից իմացել, որ ընկածի վրա թեքվածը նա է եղել: «Մեկը ըկնկածի վրա էր, վիճում են, բնական բան ա' քաշքշում են կամ իրար խփում են, էդ մթության մեջ ես չէի կարա տեսնեմ որևէ մեկի գործողությունը կոնկրետ ինչ ա: Բնականաբար վեճն եմ լսել, հայհոյանքներ եմ լսել, ամրակազմին հեռացրել եմ մի կողմ, թե ընդեղ ովքեր մնացին, ես ենթադրել եմ, որ մեկը նրանցից Սամվելն ա Շարբաթյան, էն երկուսին չէի կարող կոնկրետ ասել, հետագայում ա պարզվել, որ Արտակն ա եղել, երրորդը մինչև հիմի ես չգիտեմ թե ով ա եղել»,-պատմում է վկա Էդվարդ Խլղաթյանը:

 

Հետո նա զայրացել, ասել է' «իմ օջախում սենց բան արեցիք, հլա բոլորդ էլ գնացեք, վաղը առավոտ կգաք, հլա տեսնենք' էս ինչ արեցիք»:

 

Այդ ընթացքում մեքենա է եկած եղել, թողել հեռացել են: Տեսնելով Շարբաթյանին ընկած' Խլղաթյանը խնդրել է շտապօգնություն զանգեն: Նրան տեղափոխել են ներս ու տեսել, որ արդեն կենդանի չէ: Խլղաթյանը զանգել է Դիլոյանին, պահանջել, որ «գան տեր կանգնեն»: Չեն եկել, Դիլոյանի հեռախոսն էլ դարձել է անհասանելի: Հետո եկել են ոստիկանությունից ու ներկաներին տարել բաժին:

 

Վկա Հայկ Ասլիկյանն էլ իր տեսած վերջին դրվագն է պատմում. «Տեսադաշտում արդեն մենակ քեռիս էր, քեռուս մոտ էի գնում, արդեն իրանից հեռացող մարդիկ էի տեսնում, կոնկրետ չեմ տեսել ովքեր էին հեռանում, բայց մինչև ներս մտնելը որ գիտեմ 2-ով դուրսն են եղել (Դիլոյանն ու Արտակ Վերանյանը), դրանից եզրակացնելով' կարամ ասեմ, որ իրանք են եղել, բայց արդեն տեսել եմ քեռիս ընկած ա, քեռուս մոտ եմ գնացել»:

 

Ականատես վկաները դեպքի վայրում ուրիշ անձանց էլ են տեսել' 4-5 հոգու, որոնցից ոչ ոք որևէ գործողություն չի կատարել:

 

Դատաքննության սկզբում պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նախաքննական մարմնի կողմից այդ անձանց ինքնությունը «միտումնավոր» չբացահայտելու հանգամանքին' չնայած որ իրավապահներն ունեցել են այդ հնարավորությունը: Ուստի' դատավարության ընթացքում պաշտպանական կողմն ինքն է բացահայտելու նշված 4 ականատես վկաներին: