Ազգային ժողովն այսօր սկսեց այս նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքները:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում բարձրացրեց այսօր առավոտյան մի շարք ակտիվիստներին բերման ենթարկելու մասին հարցը:
«Շատ հաճախ մենք ականատեսն ենք լինում իրավիճակների, երբ Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոնք իրական կյանքում այդքան էլ ճիշտ և քաղաքացիների օգտին չեն կիրառվում: Ես ուզում եմ ԱԺ-ին տեղյակ պահել, որ այսօր վաղ առավոտից ՀՀ ինքնիշխանության և պետական արժանապատվության համար պայքարող քաղաքացիներ, ակտիվիստներ բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, և տվյալ դեպքում ինքս' որպես ԱԺ պատգամավոր, մտահոգված եմ այդ փաստով և դատապարտում եմ այդ փաստը:
Ինձ հետաքրքիր է ձեր դիրքորոշումը' արդյոք չարժի՞, որ Ազգային ժողովն անդրադառնա այս և այսօրինակ իրավիճակներին, որովհետև մենք վերջին շրջանում երբեմն որոշ ժամանակահատվածներում ականատես ենք լինում, երբ ուղղակի ինչ-ինչ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով' ակտիվիստներին ուղղակի բերման են ենթարկում ոչ թե իրենց կատարած գործողությունների տրամաբանությամբ, այլ' ուղղակի ուրիշներին ահաբեկելու համար, քաղքացիական ակտիվությունը ճնշելու համար»,-ասաց Փաշինյանը:
Վերջինիս ի պատասխան' ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես դատապարտում եմ յուրաքանչյուր ապօրինություն, անօրինականություն' անկախ նրանից, թե դա ում կողմից է իրականացվում: Ես կարծում եմ, որ եթե կլինի որևէ դիմում, որևէ բողոք Ազգային ժողովին, մենք' որպես օրենսդիր մարմին, անպայման կկազմակերպենք քննարկում և կփորձենք ճշտել ճշմարտությունը' օրինականությունը խախտվել է, թե' ոչ»: